Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/259

Այս էջը հաստատված է

Մի երեկո, դասերս պատրաստած, սեղանիս մոտ նստած, երևակայում էի իմ ապագա կյանքը, հանկարծ իմ դասընկերներից մեկը, որի հետ շատ մտերիմ բարեկամներ էինք, ներս մտավ և առանց բարևելու, ասաց.

— Գնա՛նք։

— Ո՞րտեղ։

— Գնանք, հետո կիմանաս։

— Ախար ո՞րտեղ։

— Այնտեղ, եղբայր, որտեղ չես եղել մինչև այժմ...

Ասում էին դեռ արժանի չէ Բարսամյանը... Խենթե՛ր, մարդ ճանաչել չգիտեն, աստված վկա․․․ Խստությունը հարկավոր է, ո՞վ է ասում հարկավոր չի․․․ Բայց ոչ ամեն մարդու վերաբերմամբ․․․ Տո՜, վե՛ր կաց է՜է, ի՞նչ ես ապուշի պես նստել ու երեսիս մտիկ անում․․․։

Այս ասելով, ընկերս թևիցս բռնեց և ուժով ինձ բարձրացրեց։ Իսկ որ ես ապշած էի, չգիտեի, թե նա ի՞նչ է ուզում ինձանից, ու՞ր է տանում։ Եվ քանի հարցնում էի, այնքան անհասկանալի էր դառնում նրա պատասխանը։

— Գնա՜ք, գնա՜նք, գնա՝նք, կրկնում էր նա մի գլուխ և թևիցս քաշում։

— Լավ, գալիս եմ, համաձայնեցի ես վերջապես, բայց մտիկ արա, եթե վատ տեղ տարիր, ձեռիցս չես պրծնիլ, դու ես իմանում։

Ընկերս խորհրդավոր կերպով ժպտաց, մենք միասին դուրս եկանք։

Նա տարավ ինձ քաղաքի ետ ընկած թաղերից մինը։ Մենք մտանք մի նեղ և մթին փողոց, հետո մի ուրիշը, երրորդը, չորրորդը, ծովեցինք աջ, ձախ և վերջապես, մի փոքրիկ տան առջև կանգնելով, ընկերս մտիկ արավ չորս կողմը և շշնջաց․

— Դե՛հ, մտնենք։

Մտանք, բայց ու՞ր, չգիտեի։ Տեսնում էի, որ մի փոքրիկ գավիթ է, սալահատակը կեղտոտ, ցեխոտ և հոտած։ Մի մեծ գամփռ, մեր ոտի ձայնը լսելով հարձակվեց մեր վրա։ Ընկերս փաղաքշանքով կրկնեց մի քանի անգամ շան անունը, նա լռեց և սկսեց քնթի տակ մրմռալ։