Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/261

Այս էջը հաստատված է

Տանտերը այն երկար մազերով երիտասարդն էր, որ մեր առաջը դուրս եկավ։

Նա մոտեցավ ինձ և քաղաքավարությամբ թեյ առաջարկեց. ես չընդունեցի։

— Դեմոկրատ է, բայց է՞հ, ա՛յնպես, շատ էլ խելքով հեռու չի գնացել,— շշնջաց ընկերս ականջիս,— հայ ուսումնարանի վարժապետ է, ի՞նչ կարող է լինել։ Բայց լավ գործիչ է. «շրջանը» նրան հանձնել է գործել հասարակ դասի մեջ, գործակատարներ, արհեստավորներ, մշակներ և այլն։ Հասկացա՞ր...

— Ոչինչ չհասկացա եղբայր,— պատասխանեցի ես շշնջյունով։

— Կհասկանաս, կհասկանաս։

Հետո ընկերս շարունակեց մի առ մի համառոտ նկարագրել սենյակի մեջ հավաքվածներին։ Դուք, պարոններ, թույլ տվեք ինձ, որ իմ պատմության մեջ գործող անձանց կեղծ անուններ տամ։ Դա անհրաժեշտ է, որովհետև վախենում եմ... միգուցե... թյուրիմացություն տեղի ունենա, համաձա՞յն եք։

Բժիշկը, իրավաբանը և ուսուցիչը, որ հետաքրքրությամբ լսում էին Բարսամյանի պատմությունը, պատասխանեցին թե բոլորովին համաձայն են։ Բարսամյանը մի նոր ծխախոտ վառեց և շարունակեց։

Այսպես, պարոններ, ընկերս, ինչպես մի քաջ չիչերոնի, մի առ մի հայտնեց ինձ յուրաքանչյուրի ով և ինչ լինելը։

— Այն կարդացողը,— ասաց նա,— Մեհրաբյանն է, Պետերբուրգի տեխնոլոգիական ճեմարանի ուսանող է. այն տեղի շրջաններին (այս բառը նա շեշտեց) լավ ծանոթ է — Սերպուխով, Մաչալով, Ֆիդիլկին, բոլորին անձամբ, գիտե՞ս, անձամբ ճանաչում է... մի խոսքով, «Ի նոցանե է». (այս բառն էլ շեշտեց), Այն թախտի վրա պառկածը,— շարունակեց ընկերս, ցույց տալով մռայլ դեմքով և երկար միրուքով մի