Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/263

Այս էջը հաստատված է

«Մենք պարտավոր ենք,— ասում էր նա, ոգևորված, ձեռն ուժգին խփելով սեղանի ծայրին,— պարտավոր ենք չոքել նորա առջև, ներումն խնդրել և ասել․ «Եկ, այսուհետև ասպարեզը քոնն է»»։ Նա այնքան հափշտակվեց, որ Միլլին անգամ «երկչոտ բուրժուա» համարեց, որովհետև անգլիացի իմաստասերը համարձակ չի խոսում, որովհետև նա պահանջում է կնոջ համար միմիայն մի պայմանավոր ազատություն, այնինչ Հախվերդյանն ամեն մի պայման նոր կապանք էր համարում։ Նա ավելի ոգևորվեց, երբ խոսք ընկավ մասնավորապես հայ կնոջ վիճակի մասին, կեղեքվող, անմեղ թռչուն, գերի վայրենի «ինքնակերների, ֆիջիացիների, դամալների, հայ տղամարդկանց»։

Ես հետաքրքրությամբ լսում էի Հախվերդյանի ատենաբանությունը և պետք է ասեմ, որ նրա խոսքն ազդում էր, գրավիչ, իմաստալի։ Հիշում եմ, ամենը լսում էին ուշադրությամբ և ոչ ոք չէր հակաճառում նրան։ Իսկ օրիորդները միանգամայն հափշտակվել էին, մանավանդ Մարգարյանն։ Ես նկատում էի, թե ինչպես այն վարժուհու սև աչքերը փայլում էին գոհոնակությամբ, շրթունքները ժպտում էին խորին հոգեկան հաճությունից։ Նա ոչ թե լսում էր Հախվերդյանին, այլ յուրաքանչյուր խոսքը կլանում էր ագահությամբ, ինչպես վաղ առավոտյան ցողազարդ ծաղիկը ծծում է արևի առաջին ջերմությունը։ Եվ ես զգում էի, որ նույն րոպեներին նրա առողջ և բարձր կրծքի տակ սիրտը բաբախում էր ուժգին։ Նա իր աչքերը անընդհատ հառած ուներ Հախվերդյանի վրա, իսկ նրա վրա հառած էին ուրիշի երկու աչքեր։ Դա տանտերն էր, ուսուցիչ երիտասարդը, որին, հուսով եմ պարոններ, թույլ կտաք նույնպես կեղծ անուն տալ... ասենք... Բաբախանյան (կարծեմ վատ ազգանուն չէ)։ Թե ի՛նչ էր կատարվում խեղճ վարժապետի հոգու մեջ, աստված գիտեր, բայց ես, նայելով Նրա դեմքին, չէի հավատում ընկերիս խոսքին, թե, գոնե այդ րոպեներին, նրա սրտում տիրող զգացմունքը եղբայրական սերն է...

Հախվերդյանը ավարտեց յուր խոսքը։ Կրկին աղմուկ բարձրացավ։ Պետրովսկիյ Ակադեմիայի ուսանողը... Աբգարյանը (այս էլ թող սրա անունը լինի) քնթի տակ ինչ-որ է