մռնչեց, ես ոչինչ չհասկացա։ Մեկը ասաց, թե կինը մարմնապես տկար արարած է, և հենց այս բնական պատճառով, շատ բարոյական գործեր նրան մատչելի չեն կարող լինել։ Այս նկատողությունը կպավ օրիորդների սրտին. նրանք սկսեցին բողոքել նկատողին և ծաղրել։ Ծխող օրիորդը մի խրոխտ հայացք ձգեց նրա վրա, որով նա, կարծես, ուզում էր ասել «մի մոռանալ, որ ես այստեղ եմ»։ Իսկ սև երեսով, սև աչքունքով, մազերը կարճ խուզած, գրպանը լրագրներով լիքը օրիորդ Մելքոնյանը ոտքի կանգնեց, բռնեց հանդուգն նկատողություն անողին, որ մի նիհար սեմինարիստ էր, և բռնելով նրա թևից ուժգին քաշեց յուր կողմը, ասելով.
— Արի ուժներս փորձենք։
— Նու, նու, սկսեցե՛ք տեսնենք — հորդորեց Պտաշկինը։ Օրիորդը ավելի ուժգին քաշեց սեմինարիստին։ Վերջինը ծիծաղելով խտղտեց նրա... կռնատակը։ Օրիորդը գոռաց, քրքջաց, և երկուսը միասին թավալվեցին հատակի վրա։
Բոլորը ծիծաղեցին բարձրաձայն։ Պտաշկինը «բրավո, բրավո» գոչելով, ծափահարեց օրիորդ Մելքոնյանին։ Խոստովանում եմ, առաջին անգամ տեսնելով մի քսան տարեկան օրիորդի նույն հասակի երիտասարդի հետ այդպես մարտնչելիս, ես զարմացա։ Ինձ տարօրինակ և անախորժ էր թվում այդ միջավայրը։ Այնինչ՝ ընկերս բոթեց կողքիս և ասաց.
— Տեսնո՞ւմ ես, այստեղ միշտ այդպես է, պարզ, ընկերաբար. մենք այն քո ճանաչած բուրժուաների, արիստոկրատների, հարստահարող վաճառականների պես չենք։ Ամեն բանում հավասարություն, ազատություն... հասկանու՞մ ես։
Օ՜ պատանեկություն, о՜ կյանքի երջանիկ և վտանգավոր պահ... ես սկսեցի հավանել, մոռացա ամոթխածություն, շփոթություն և խառնվեցի ընդհանուր հոսանքին։
Կանանց հարցը վճռվեց, վիճաբանությունը շարունակվեց այլ հարցերի մասին։ Այո անգամ ընկերս ևս մասնակցեց խոսակցության, միայն ես էի լուռ։ Խնդիրը հասարակ ամբոխի մասին էր։ Դուք, պարոններ, գուցե զարմանում եք ասածիս վրա, կամ կարծում եք, որ ես կատակ եմ անում։ Քա՛վ լիցի, այն սենյակում, այն ընկերության մեջ, ուր ես ընդունվեցի, այն երեկո և հետո միշտ այսպիսի բարձր խնդիրների