Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/265

Այս էջը հաստատված է

մասին էինք խոսում։ Ավա՛ղ, անցան այդ օրերը, անցան, մի դառն հետք թողնելով սրտիս մեջ, մի անբացատրելի հարցով ծանրաբեռնելով ուղեղս։ Բայց, հեռու՛ զգայնություն, հեռու՛ բանաստեղծություն, չոր իրողությունը միայն բավական է իմ պատմության համար։

Մեկը հարց ձգեց, թե արդյոք ինչ միջոցներ ավելի հարմար են ամբոխի մեջ որոշ գաղափարներ տարածելու համար։

— Ես կարծում եմ,— ասաց Մեհրաբյանը,— մեր գաղափարները (այս բառերը նա շեշտելով ասաց) տարածելու ամենադյուրին միջոցը տպագրությունն է։ Տպագրական խոսքի ազդեցությունը, պարոններ և օրիորդներ, զորեղ է, շատ զորեղ է խավար ամբոխի վրա։ Գիրը ռամիկի համար մի տեսակ խորհրդավոր նշանակություն ունե, իսկ նա ավելի խոհրդավորին է ենթարկվում քան թե պարզ, առօրյա իրականին։

— Ճշմարիտ է,— մեջ մտավ ռուս Պտաշկինը,—գրածը ազդում է, ինչպես և մեզանում փորձել ենք, բայց, պարոններ, խոսքը, կենդանի խոսքը ավելի ազդու է, մանավանդ արևելյան երկրներում, ուր ժողովուրդի բնավորությունը դյուրավառ է։ Ես լսել եմ, որ ձեր աշուղները կամ պարսիկների դարվիշները իրանց խոսքով գրգռում են ամբոխին։ Դարվիշներ, աշուղներ պատրաստեցեք, պարոններ։

Գեղեցկադեմ օրիորդ Սարդարյանը ասաց, թե համաձայն է Պտաշկինի հետ։ Ծխող օրիորդը ասաց, թե նույնպես համաձայն է։

— Ես հակառակ եմ երկուսիդ էլ— մռնչեց Պետրովսկիյ Ակադեմիայի ուսանող Աբգարյանը։

— Ինչու՞, ինչու՞,– հարցրին օրիորդները։

— Չեմ հավատում ո՛չ տպագրական, ո՛չ կենդանի խոսքի զորության։ Դատարկ բաներ են. գո՜րծ է հարկավոր կատարել, գո՜րծ, գո՜րծ։

Ասաց Աբգարյանը և լռեց, և ամբողջ երեկո չխոսեց։ Բրավո Աբգարյան,— գոչեց օրիորդ Մելքոնյանը, որի գրպանը, ինչպես ասացի, լիքն էր տպագրական խոսքով, լրագրերով։

— Գո՛րծ է հարկավոր, բրավո, այ ես այդ սիրեցի։