Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/266

Այս էջը հաստատված է

Հետո նա, դառնալով դեպի մեզ, ավելացրեց․․․

— Երկչոտնե՛ր, դողում եք, հա՞ա, տեսնում եմ։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ, եթե ուզում եք բան առաջացնել, նախ պիտի քանդեք, բրա՛վո, Աբգարյան․․․

Ինձ համար խնդիրը քանի գնում անհասկանալի էր դառնում։ Չգիտեի հարցի բուն իմասաը։

Ի՞նչ մտքեր, ի՞նչ գաղափարների մասին էր խոսքը։ Ի՞նչը պիտի քանդել, ի՞նչը շինել։ Այս ամենը, ինչպես և այն բոլոր անձինք, այն սենյակի անկարգությունը, աղմուկը, գոռումը, գոչումը, բոլորը, բոլորը ինձ համար մի անորոշ խառնակություն, մի քաոս էին ներկայացնում։ Ես չէի հասկանում, թե ինչի՞ մասին էին վիճում այդ մարդիկ, ի՞նչ են ուզում, ու՞մ են դիմում, ինչու՞ են հավաքվել, ինչո՞վ պիտի վերջանա այդ բոլորը։ Ոչինչ, ոչինչ և ոչինչ չէի հասկանում։ Միայն ինձ տիրել էր մի անբացատրելի արբեցություն, և ես շվարած էի, և ոգևորվածք և հիացած։ Սկսեցի նույնպես խոսել, փտեի ինչու համար, վիճել, չգիտեի ում հետ և ինչի դեմ։ Ընդհանուր հոսանքը ինձ կլանել էր, այդ փոքրիկ սրընթաց աղմկալից գետը քշում էր ինձ յուր ալիքների մեջ։ Եվ ինձ ախորժելի էր թվում, առանց իմ սեփական զորության և կամքի, առաջ լուղալ արագ, արագ...

Վերջապես աղմուկը դադարեց։ Պտաշկինը և Մեհրաբյանը գնացին, ասելով, թե պիտի ուրիշ ժողով այցելեն։ Նրանց հետ գնացին գեղեցկադեմ և ծխող օրիորդները։ Վերջինը դուրս գալիս մեր ձեռքն այնպես ամուր սեղմեց, որ մի քանի օրիորդներ ցավից ճչացին։ Կարծես նա փորձով ուզում էր ցույց տալ, թե կինն ինչպես ամեն բանի, նույնպես և մկանունքների ուժով հավասար պիտի լինի տղամարդու հետ, և է։ Մի քիչ հետո դուրս եկավ և սեմինարիստն երեք «երկրորդականների» հետ։ Սենյակում մնացինք տանտերը, Հախվերդյանը, վարժուհի Մարգարյանը, սև երեսով օրիորդը, ընկերս և ես։ Որքան ակամա էի եկել, նույնքան ակամա կլիներ, եթե մեկը ստիպեր ինձ շուտով դուրս գալ այնտեղից։ Ես դեռ ցանկանում էի երկար ժամանակ մնալ այնտեղ, խոսել, լսել, վիճել։ Շնորհակալ եմ, ընկերս չէր շտապում, ես կարող էի մնալ, թեև առանց նրան ևս իրավունք ունեի մնալ, քանի որ ընտանեկան էի