բարձրացնել, չկարողացավ, ուստի բավականին թեքվեց դեպի երիտասարդը, այնպես որ նրանց գլուխները շփվեցին։
Վարժուհի Մարգարյանի ականջները կարմրեցին ներքին հուզմունքից։ Իսկ Սոփիոն թողնելով Հախվերդյանին դարձավ տանտիրոջը.
— Ի՞նչ ունիս ուտելու, Բաբախան։
Եվ, առանց պատասխանի սպասելու, մոտեցավ պահարանին, բաց արավ դռները և մի կտոր հաց ու պանիր վերցնելով, սկսեց շտապով ուտել, տղամարդի քայլերով ետ ու առաջ շրջելով։
— էյ դու, ձրիակեր,— գոչեց ընկերս ծիծաղելով։
Օրիորդը բարկացած պատասխանեց.
— Լռիր, Թաթոս (ընկերիս ազգանունը Թաթոսյան էր), թե չէ գլուխդ կջարդեմ։ Այստեղ իմը, քոնը չկա, ով քաղցած է, նա պիտի ուտի։ Բաբախան, խաղող չունե՞ս։
— Ունեի, բայց վիճաբանության ժամանակ մեկը պահարանիցս թռցրել է, չեմ իմանում ով է։
Այս կատակը շատ դուր եկավ մեզ. ծիծաղեցինք։ Հետո Բաբախանյանը վազեց դուրս և մի քանի րոպե անցած բերավ խաղող, երշիկ, պանիր, հաց ու մի հատ էլ ձմերուկ։
Այդ երեկո ես տուն վերադարձա մի անորոշ, բայց շատ ախորժելի տպավորության տակ։
Ընկերս ճանապարհին, մինչև տուն ոգևորված խոսում էր «շրջանի» մասին։
— Տեսա՛ր, ես քեզ ասում էի, որ չես փոշմանիլ։ Պետք է այսուհետև գաս։
Ամբողջ գիշեր համարյա թե չքնեցի. Պտաշկինի խորհրդավոր այցելությունը, սակավախոս Աբգարյանի բացականչությունները, Սոփիոյի տղամարդկային վարմունքը, Բաբախանյանի սերը, Հախվերդյանի գեղեցիկ մտքերը, խառնիխուռն վիճաբանությունները, Միլլը, Պրուդոնը, Լասսալը․․․ այս բոլորը, ի մի խառնված, մի անվերծանելի մթություն էին ձգել իմ ուղեղի մեջ։ Ինչպես ճոխ հանդեսից վերադարձած մի հարբած մարդ, ես չէի կարողանում ինքս ինձ հաշիվ տալ, թե ո՛րտեղ էի եղել, ին՛չ էի լսել, ի՛նչ էի խոսել, ի՛նչ էի տեսել։ Ինչո՞ւ Աբգարյանը լուռ էր և շարունակ նայում էի սենյակի