Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/271

Այս էջը հաստատված է

և ասաց թե ատելով ատում է փիլիսոփայությունը և փիլիսոփաներին։ Սև երեսով օրիորդը ասաց թե «Կըչոռտու կրիվովո Գամլեգա»։

Միայն Հախվերդյանի, իմ պաշտելի Հախվերդյանի միջամտությունն ստիպեց լռել և համբերությամբ լսել «Կրիվոյ Գամլետի» գրվածքը։ Գիմնազիստը կարդաց յուր հեդինակությունը, տեր աստված, տեր աստված, հիշում եմ ինչպես այսօրվա օրը, ո՛րքան մռայլ էին նրա խոսքերը։

Հեղինակը յուր այս տխուր տրամաբանությունը հաստատում էր փաստերով, անցյալի և ներկայի, պատմական և իրական, բնագիտական և փիլիսոփայական, ֆիզիկական և ֆիզիոլոգիական փաստերով։

Սև երեսով և ծխող օրիորդները հակառակեցին։ Դարձյալ ներս մտավ Հախվերդյանը, լայն ճակատից երկար մազերը հետ քաշեց և յուր դեմքի վրա սովորական ներողամիտ ժպիտը խաղացնելով, ամենալուրջ կերպով քննեց գիմնազիստի ասածները, ջարդ ու փշուր արավ նրա բոլոր փաստերը և ապացուցեց հակառակը, բոլորովին հակառակը։ Ապացուցեց այն, ինչ որ ես ցանկանում էի հոգով և մտքով։

Այդ երեկո իմ իդեալը մի աստիճան ևս բարձրացավ իմ աչքում, որովհետև նա հերքեց և Պտաշկինի արհամարհական կարծիքը, մի կարծիք, որ իմ սիրտը խոցել էր։

Սկսած այդ օրից, ես ինձ շրջապատեցի բոլոր այն գրվածքներով, որոնց հեղինակների անունները այնպես ստեպ հիշվում էին հաճախակի։ Չգիտեի, ո՛ր մեկից սկսել, ուզում էի բոլորը միասին կարդալ, բոլորը ուսումնասիրել։ Բայց և ոչ մեկը չկարողացա մինչև վերջը կարդալ, որովհետև շատ բան չէի հասկանում։ Հուսահատված դիմեցի Հախվերդյանի խորհրրղին։

— Կարդա՛ այն, ինչ որ հասկանում ես,— ասաց նա,— հետո չհասկանալին հասկանալի կդառնա քեզ համար։

Ես հարցրի, ինչո՞ւ այն, որ ես չեմ հասկանում, վաղուց հասկացել և ուսումնասիրել են իմ ընկերները, մինչև անգամ օրիորդները։

— Է՜հ, եղբայր,— պատասխանեց Հախվերդյանը,— անուններ հիշելը դեռ ոչինչ չի նշանակում։