շտապով բարձրացրեց և երկու ձեռներով առջևի ցրած մի թուղթը ծածկեց։
— Ես եմ, գոչեցի ծիծաղելով։
— Նստի՛ր, կարդացե՞լ ես, ասաց նա, ցույց տալով մի տպագրած թերթ, որ իմ ներս մտնելու ժամանակ կարդում էր ինքը։
Ես ծանոթ էի այդ թերթի բովանդակության հետ. Պտաչկինի բերած թղթերից մեկն էր։
— Հավատո՞ւմ ես,— հարցրեց Բաբախանյանն այն խորհրդավոր եղանակով, որ ինձ համար շատ պարզ էր։
Ես ասացի, թե հավատում եմ Պտաշկինի գաղափարներին ու նրա երջանիկ մարգարեության և ոգևորված եմ։
— Իսկ դո՞ւ,— հարցրի Բաբախանյանից։
— Ես, այո, ինչո՞ւ,— պատասխանեց նա կմկմալով։
Հետո նա թերթը ծալեց, ձգեց սեղանի արկղի մեջ և իմ դեմ առ նստելով ասաց.
— Բարսամյան, չնեղանաս, ես ուզում եմ քեզանից մի բան հարցնել։
— Հարցրո՛ւ,— ասացի ես, զարմանալով նրա տարօրինակ ձևերի վրա։
— Ասա, խնդրեմ, ինչո՞ւ ես դու այցելում այդ մարդկանց։
Ես մնացի ապշած։
— Ի՞նչպես թե ինչու, միթե քեզ հայտնի չէ՞։
— Ի՞նձ, ինձ ոչինչ հայտնի չէ, ես ոչինչ չեմ հասկանում այդ մարդկանց արածից և խոսածից։ Դու զարմանո՞ւմ ես. իրավունք ունիս։ Բայց անկեղծ խոսենք, ի՞նչ նպատակ ունեն այդքան գոռում-գոչումները։ Միթե կարծում ես մի բան դո՞ւրս կգա այդ բոլորից։ Ոչ, ոչ, հազար անգամ ոչ։
Ես ասացի, թե ինչո՛ւ տունը ընդունում է «գոռող-գոչողներին»։
— Ինչո՞ւ, ահա հենց իմ ցավս էլ դրանումն է, Բարսամյան։
Այս ասելով, Բաբախանյանը վեր կացավ ոտքի և սկսեց հետ ու առաջ շրջել։ Նա վրդովված էր, նրա մուգ-մեխակագույն աչքերի մեջ փայլեց մի տեսակ հուսահատություն, շրթունքները