Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/275

Այս էջը հաստատված է

չկա Հախվերդյանի մեջ։ Նա այնքան հափշտակվեց, որ յուր հակառակորդին վերագրեց մինչև անգամ անբարոյական դիտավորություններ, այսինքն, թե Հախվերդյանը վերջ ի վերջո պիտի խաբեր օրիորդ Մարգարյանին։

Ես այլևս չէի ուզում, որ նա այս ուղղությամբ շարունակի յուր խոսքը։ Ի՛նչ, նա համարձակվի ամբաստանել մի մարդո՜ւ, որին ես աստվածացրել էի ինձ համար։ Անշուշտ խեղճ վարդապետը դժբախտ էր, բայց իմ ինչ գործն էր, որ նա դժբախտ է, քանի որ այդ երեք անձնավորություններից թանկ էր ինձ համար միմիայն Հախվերդյանը։ Եվ ես ամեն մի համեմատություն նրա և Բաբախայանի մեջ ծիծաղելի էի համարում։ Ինձ վրդովվեցնում էր անգամ այն, որ Հախվերդյանը յուր սիրտը նվիրել էր Մարգարյանին, մի օրիորդի, որ երբեք, երբեք արժանի չէր իմ իդեալին։ Բայց թողնենք այս։

Մի առավոտ դեռ ուսումնարան չգնացած, ընկերս հանկարծ շտապով մտավ սենյակս։

— Ի՞նչ է պատահել,— գոչեցի ես վախեցած։

Ընկերս մի քանի վայրկյան երկյուղալի դեմքով նայեց չորս կողմը, դռները փակեց և մի քանի վայրկյան ապուշի նման նայեց երեսիս։

— Ի՞նչ է պատահել,— կրկնեցի ավելի բարձր ձայնով։

Ընկերս ձեռքով ծածկեց բերանս և շնչասպառ արտասանեց.

— Հանդարտ։

— Ինչո՞ւ։

Առանց պատասխանելու, նա կատվի արագությամբ հարձակվեց գրքերիս փոքրիկ պահարանի վրա և մի վայրկյանում ամեն ինչ տակն ու վրա արավ։ Դասագրքեր, տետրակներ, Միլլ, Դարվին, Սպենսեր, Լասսալ, (դուք ծիծաղեցեք, բայց ես այն շրջանը մտնելուց հետո, այս հեղինակներովն էի զբաղված) Մարքս (որից ոչինչ չէի հասկանում) միմյանց խառնեց, թափեց հատակի վրա և սկսեց տնտղել։ Ես տակավին ապշած նայում էի այս գործունեության, ոչինչ հասկանալով իմ ընկերի արածից և ասածից։ Շնչասպառ, քրտինքը երեսից թափելով, մունդիրի կոճակներն արձակած, քնթի տակ չգիտեմ ում հիշոցնել տալով, նա քանի մի րոպեում սենյակիս