ԽԵԼԱԳԱՐԸ
Սարաֆյանի պատմությունը
Մենք նստած էինք Գարեգին Սարաֆյանի մոտ։ Չեմ հիշում ինչպես, խոսք բացվեց զանազան հոգեկան հիվանդությունների մասին։ Տանտերը չէր մասնակցում խոսակցությանը, նա զբաղված էր մեզ համար թեյ պատրաստելով, թեև ուշադրությամբ լսում էր խոսակցությունը։
— Պարոններ,— հանկարծ դարձավ նա մեզ,— եթե կամենաք լսել, կպատմեմ ձեզ մի իրողություն, որ տեսել եմ իմ կյանքում։ Նյութը վերաբերվում է ձեզ հետաքրքրող խնդրին։
Երեկոն ձմեռային էր. դուրսը ձյուն էր գալիս, իսկ վառարանում ուրախ-ուրախ վառվում էր կրակը։ Հաճելի էր մեզ համար նստել տաք սենյակում և թեկուզ մինչև լույս զբաղվել ընկերական զրույցներով։ Սարաֆյանը մի քանի փայտ ավելացրեց վառարանի մեջ, մի ծխախոտ վառեց, նստեց բազկաթոռի վրա և այսպես սկսեց իր պատմությունը։
Այն ժամանակ, պարոններ, ես նոր Էի սկսել ուսուցչություն անել։ Դուք գիտեք հայ վարժապետի դրությունը. ռոճիկս այնքան քիչ էր, որ հազիվ կարողանում էի չոր գլուխս