Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/278

Այս էջը հաստատված է

պահել։ Այս պաաճառով ես ապրում էի ամենաաղքատ սենյակներում, ճաշում էի ամենաէժան պանդոկներում։

Մի անգամ ստիպված էի բնակարանս փոխել։ Պաշտոնակիցներիցս մեկն ասաց, թե մի աղքատ հայ ընտանիք մի ավելորդ սենյակ ունի. կարող եմ վարձել և մեծ բարություն արած կլինիմ այդ ընտանիքին։ Խնդրեցի նրան ցույց տալ այդ սենյակը։

Պաշտոնակիցս առաջնորդեց ինձ քաղաքի (թե որ քաղաքի, այդ ինքներդ գուշակեցեք) կենտրոնից հեռու մի նեղ փողոց։ Մենք մտանք մի կեղտոտ բակ, որի խորքում շինված էր երկհարկանի մի տուն։ Փայտյա նեղ, ծուռումուռ սանդուղքներով բարձրացանք վերին հարկը։ Պաշտոնակցիս ասած աղքատ ընտանիքն այստեղ էր բնակվում։ Նա տարավ ինձ մի շատ մութ տեղ։ Առաջին նվագ, պարոններ, ես ոչինչ չէի տեսնում։ Հազիվ կարողանում էի խարխափելով հետևել առաջնորդիս, բայց երբ աչքերս ընտելացան, նշմարեցի, որ գտնվում եմ մի լայն և երկայն նախագավթում, որի առաստաղը ցածր էր, հատակը կեղտոտ, պատերը փոշոտ, սարդի ոստայններով ծածկված։ Աջ ու ձախ կողմերում երևում էին դռների ձևով մութ խորշեր, իսկ մի տեղից կտուրի միջով թափանցում էին լուսո բարակ շողեր։

Պաշտոնակիցս բաց արավ նախագավթի ծայրում գտնվող ապակյա դռները, ինձ հրավիրեց ներս։ Նույն միջոցին ձախ կողմի ուրիշ դռներից դուրս եկավ մի մարդ։ Դա մոտ քսանուհինգ տարեկան երիտասարդ էր կարմիր երեսով, շեկ մազերով և մանր, անդուրեկան աչքերով։

— Սերգո, բարով,— դարձավ պաշտոնակիցս նրան,— պարոնը սենյակ է ուզում։

Սերգո կոչվածը, ռուս մուժիկի պես ուսերը ծռելով, մոտեցավ և այնպես ամուր սեղմեց ձեռս, որ, կարծես, ուզում էր զգացնել տալ ինձ յուր ուժը։

Երևակայեցեք, պարոններ, հինգ քայլ երկայնությամբ, երկու քայլ լայնությամբ, մարդու հասակից մի թիզ բարձր մի արկղ և դուք կիմանաք ինչ էր այդ սենյակ ասված բանը։ Առանց երկար խոսակցելու վարձեցի ես այդ արկղը, որովհետև, նախ՝ ես այդ օրն անպատճառ ստիպված էի նախկին սենյակիցս