Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/28

Այս էջը հաստատված է

չհայտնեց հայրս։ Միայն, երբ մենք հասանք մագագին, և նա ձեռս բռնելով հանձնեց Մակար ադային, այսքանը լսեցի նրա բերանից իմ մասին.

— Այսուհետև, Մակար աղա, Էլ սա իմ որդին չէ, այլ քոնը, հանձնում եմ նրան ոտով գլխով քեզ։ Վարվի՛ր նրա հետ, ինչպես դու գիտես, միայն թե ժամանակով մարդ դառնա քո ձեռքում:

— Մարդ դառնալը կախված է իրանից։ Եթե խոնարհ, ղոչաղ խոսք լսող կլինի, իհարկե, ժամանակով մի կտոր հացի տեր կդարձնեմ, իսկ եթե չէ — մեղքն յուր վզին: Իմ ձեռքում շատերն են մարդ դառել և շատերն էլ մարդ դառնալու մոտիկ են, եթե քո որդին էլ լավ կծառայի ինձ, իմ հրամանները խոնարհությամբ կկատարի, կարող է ժամանակով նրանց նման լինել։

Աղա Գուլամյանցը այս խոսքերն արտասանեց մի այնպիսի անդորր ինքնավստահությամբ և աներկբա եղանակով, որ ես ակամա զգացի, թե կանգնած եմ մի գերբնական ուժի առջև, որը, հիրավի, եթե ուզենա, կարող է ամեն ինչ անել ինձ համար։

Հայրս գլուխ տվեց ու հեռացավ. ես մնացի մագազինում։

Մագազին ասված բանը մի լայն և ընդարձակ խանութ էր չորս մեծ դռներով և մի քանի պատուհաններով։ Նա լիքն էր զանազան տեսակի թանկագին և էժանագին ապրանքներով, սկսած ամենաընտիր արտասահմանյան նուրբ գործվածներից, մինչև Ռուսաստանի ամենահասարակ կտորները։ Դեռ մինչև այն օրը կյանքումս տեսած չլինելով այդչափ հարստություն միատեղ, ես բերանս թաց, շվարածի նման, նայում էի այս ու այն կողմ, ինչպես մի գյուղական մանուկ, որ առաջին անգամ մտնելով քաղաք, աչքերը ճլզած չգիտե բարձրաշեն տներից ո՛ր մեկի վրա դադարեցնե յուր ուշադրությունը։ Բայց ամենից ավելի գրավեցին իմ ուշադրությունը զաստոյկայի վրա շարած ապակյա պահարանների մեջ կանոնավոր կերպով դասավորված զանազան տեսակի ոսկեղենները և թանկագին քարեղենները, որոնց գրավիչ փայլը, կարծես մի տեսակ կախարդական զորութենով, կաշկանդում էր իմ ուշքն ու միտքը։ Առաջին անգամ այստեղ գրգռվեցին իմ մեջ շահասիրական