Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/280

Այս էջը հաստատված է

ճնշում էր, ինչպես սառույցի ահագին բեկոր։ Ես փորձեցի գլուխս բարձրացնել, նա կպել էր բարձին. ես փորձեցի գոռալ, ձայնս չէր հնազանդվում իմ կամքին։ Օ՛, տասը տարի է անցել այն օրից և այդ տեսարանն այժմս էլ հիշելիս սարսուռ եմ զգում։

Ականջիս հասավ մի բարակ և նվազ ձայն։

— Տաքությունը սաստկանում է, այս գիշեր դու չորս անգամ կմեռնիս...

Ձայնը պատկանում էր գլխիս մոտ արձանացած պատկերին, իսկ այն խոնավ, սառն և ամուր բանը, որ ճակատիս կպել էր, նրա ձեռն էր։

Մի ուժգին շարժումով հեռացրի այդ ձեռը. ուզում էի վեր կենալ։ Նույն վայրկյանին սենյակիս դռները բացվեցին, ներս սահեցին երկու ինչ-որ մութ, սև պատկերներ։ Մի ակնթարթում այդ մութ պատկերները գրկեցին գլխիս մոտ կանգնած սպիտակ արարածին և անհայտացան, ինչպես գերեզմանային ուրվականներ։

Այս բոլորը կատարվեց ավելի կարճ միջոցում, քան ես պատմում եմ։ Այնուհետև սենյակումս տիրեց երկյուղալի լռություն, լսվում էր միայն իմ ծանր շնչառությունը։

Գաղտնիքը, պարոններ, մի գրավիչ հատկություն ունի, գրավիչ մանավանդ երբ նա սարսափելի է։ Այդ արտաքին ուժ չէ, նա բնակվում է մեր մեջ — դա հետաքրքրության անհաղթելի հովին է, որ ոչ մի վտանգավոր անիմացականության առջև կանգ չի առնում։

Ես վախեցած էի, ես դողում էի, ատամներս սաստիկ զարկվում էին միմյանց, ինչպես ցրտից կաշկանդված, բայց, միևնույն ժամանակ, ներքին ուժը դրդում էր ինձ իմանալ, ինչ է կատարվում իմ շուրջը։ Ես մոտեցա սեղանիս, խավարի մեջ մի կերպ գտա լուցկիամանը և կանթեղս վառեցի։ Առանց մի բան հագնելու, միայն գիշերային հագուստով մոտեցա կիսով չափ բաց դռներին։ Ես նայում էի դեպի գավիթ մի ձեռումս կանթեղը, իսկ մյուս ձեռով դուռն այնպես բռնած, որ եթե դրսից մի բան սպառնա, իսկույն ծածկեմ։

Մի տարօրինակ գործողություն էր կատարվում այնտեղ, նախագավթի խորքում։ Կարծես, հատակի վրա քաշքշում էին