— Ալբերտն ո՞վ է,— հարցրի ես, կամենալով գեթ մոտավորապես իմանալ նրա իդե-ֆիքսը։
— Ալբերտն իմ ծնողների աչքը հանեց,— պատասխանեց նա,— քո հոգին էլ պիտի հանի, բաս, բաս, Ալբերտը... կարդա՛ նրա նամակը...
Այս ասելով, նա ծափ տվեց և ոստոստալով վազեց յուր սենյակը։ Ես շտապեցի բաց անել նրա տված թուղթը։ Մատիտով ծուռումուռ տառերով գրված էին այնտեղ մի քանի անմիտ բառեր, որքան հիշում եմ այսպես... «ուղղական հոլով մարդ, սեռական հոլով Ալբերտ, աղավնին աղավնուն պաչում էր, ինձ էլ պաչեց»։ Հետո նկարված էր մի մարդու գլուխ և տակին գրված. «Ծիծեռնակ, ծիծեռնակ, դու գարնան սիրուն թռչնակ... Արի գեղեցիկ...»։
Հարկավ, ոչինչ հասկանալ չէր կարելի այս խոսքերից։
Բայց մի բան ինձ շատ հետաքրքրեց — այդ Ալբերտ անունն էր։ Խելագարը, երբ ամեն անգամ խոսեցնում էի նրան, այդ անունն էր կրկնում և ինձ էլ այդպես էր անվանում։ Արդյոք, օրիորդի խելագարությունը կապ չունի այդ անվան հետ, մտածում էի ես։ Մի օր փորձեցի նրա հետ խոսել Ալբերտի մասին։ Նա ինձ հայհոյեց, ասելով, թե ես սատանա եմ, ուզում եմ իրեն խաբել։
Երբեմն Սերգոն գալիս էր ինձ մոտ։ Հետաքրքրությունը դրդում էր ինձ խոսել նրա քրոջ մասին, բայց ամոթը զսպում էր լեզուս։ Ես տեղեկացա նրանց կյանքի մի քանի հանգամանքներին։ Ընտանիքն ապրում էր շատ աղքատ։ Տանն ամեն ինչ, որ արժեք ուներ, ծախված էր կամ գրավ դրված։ Նրանց եկամուտի միակ աղբյուրը Սերգոյի մեծ եղբայրն էր, որ Բաքվում գործակատար էր և այնտեղից օգնում էր ծնողներին։ Իսկ Սերգոն անգործ էր և, ինչպես երևում էր, վերին աստիճանի ծույլ և ինքնահավան արարած էր։ Նրա՝ տարիքով տակավին երիտասարդ՝ մայրը ժամանակից առաջ թառամել էր ծանր հոգսերի տակ։ Նա էր կատարում տան գործերը։ Երբեմն գալիս էր նրան օգնելու նրա մեծ քույրը, որն ամուսնացած էր մի դերձակի հետ։
Մի օր ցերեկով, նստած սեղանիս մոտ, բարեկամներիցս մեկին նամակ էի գրում։ Այն սարսափելի տեսարանից հետո ես