Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/284

Այս էջը հաստատված է

սենյակիս դռները ցերեկներն էլ կողպած էի պահում։ Իմ ուշքը գրավեց մի ձայն, նայեցի․ խելագարը, կրծքին մի հրացան սեղմած, խողովակի բերանը դռան ապակիի միջով ուղղել էր դեպի ինձ։ Վեր թռա տեղիցս. մեջքս կռացած մոտեցա, բաց արի դռներն և ամուր բռնեցի նրա ձեռները։ Հրացանը դատարկ էր, ջախջախված ու ժանգոտ։

Մի ուրիշ անգամ ես կարդում էի, մոռացել էի դռները կողպել։ Հանկարծ մեկն ամուր քաշեց մազերս։ Անկոչ հյուրը ներս էր մտել և, մի բութ դանակ ձեռին բռնած, ասում էր, թե պետք է գլուխս կտրի։ Բայց այդ մի դատարկ սպառնալիք էր, խելագարի կատակներից մեկը։ Նրա դանակը, եթե երեք օր էլ մի բանի քսեիր, մազի չափ չէր կտրիլ։ Նա բարձր ձայնով ծիծաղեց, կրկնելով․

— Վախկոտ, վախկոտ։

Ես հրավիրեցի նրան նստել։ Այդ օրը նա երկար խոսեց ինձ հետ վայր ի վերո, այնուհետև մենք բարեկամացանք։ Ես գտել էի նրա հետ վարվելու եղանակը։ Ինչ որ ասում էր, ինչ անմիտ բանի վրա խոսում էր, ես լսում էի նրան խորին ուշադրությամբ։ Ես չէի հակառակում նրան, ոչ մի կասկած չէի հայտնում, մանավանդ չէի ծիծաղում։ Այդ դուր էր գալիս նրան, և նա արժանի էր համարում ինձ յուր հետ խոսել, գուցե ինձ իրան հավասարը համարելով։ Պատահում էին րոպեներ, երբ, կարծես, նրա գիտակցությունն արթնանում էր, խավար միտքը պարզվում էր կայծակի անցողիկ լույսի պես։ Այդ րոպեներին նրան տիրում էր մի տեսակ թախիծ, և նա լուռ նայում էր լուսամուտի միջով հեռու, հեռու, դեպի այն անվերջ հորիզոնը, որ երևում էր իմ անշուք սենյակից։ Հետո նա ինքն իրան կրկնում էր․

— Ես շատ լավ աղջիկ էի... ես շատ լավ աղջիկ էի․․․

Եվ հառաչում էր։ Ո՛րքան ծանր էր ինձ համար այդ հառաչանքը, ո՛րքան սիրտ թափանցող։ Ես ցանկանում էի իմանալ, արդյոք, այդ վայրկյանին զգո՞ւմ է նա յուր դժբախտությունը, զգո՞ւմ է նա յուր ուղեղի հիվանդությունը։

— Դուք այժմս էլ լավ աղջիկ եք,— ասացի ես մի անգամ։ Նա ծիծաղեց, բերանը լայն բանալով և ցույց տալով սպիտակ