Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/286

Այս էջը հաստատված է

ընկավ անկողնակալի վրա և փոքր անցած, կարծես, քնեց։ Մենք զգուշությամբ դուրս եկանք և դռները դրսից կողպեցինք, հետևում հավաքելով մի քանի կոտրած աթոռներ, փայտյա տաշտեր։ Խելագարի հայրը հարցնում էր ինձ, ինչպես վարվել նրա հետ և առհասարակ ինչպես ազատվել այդ դժբախտությունից։ Ի՞նչ պետք է պատասխանեի։ Ես լսել էի, որ արտասահմանում երբեմն հաջողվում է այդպիսներին բժշկել. բայց այդ խորհուրդն իմ կողմից կլիներ մի տեսակ ծաղր.— խեղճերը հազիվ օրական ապրուստ էին հայթայթում, ուր մնաց իրանց աղջկա համար այդքան մեծ ծախսեր անելը։ Միակ ելքը հոգեկան հիվանդների կայարան ուղարկելն էր, այն ժամանակ գոնե ամբողջ ընտանիքը չէր չարչարվիլ մեկի համար։

— Ո՜նց, ես իմ աղջկան գժատո՞ւն ուղարկեմ,— գոչեց մայրը զայրացած,— աստված խելքս առե՞լ է։

— Ուրեմն, ի՞նչ պիտի անեք, այդպես թողնել խոմ չի կարելի,— ասացի ես։

— Թե որ փող ունենայի, ես գիտեի,— պատասխանեց մայրը,— իմ աղջիկը շուտ կլավանար։

Ես հետաքրքրվեցի, արդյոք, ի՛նչ միջոցով նա կլավացնե յուր աղջկան։

Մայրը խորին ջերմեռանդությունով աչքերը վերև բարձրացրեց, երեսը խաչակնքեց և հառաչելով արտասանեց.

— Գանձակի սուրբ Գևորգ կփրկե իմ աղջկանը, մեռնեմ նրա սուրբ զորութենին։

Նիհար, անծանոթ երիտասարդը հեգնորեն ժպտում էր։ Պարզ էր, որ նա ծիծաղում էր սնահավատ կնոջ հույսերի վրա։

Այդ երիտասարդի հետ ես ծանոթացա և հրավիրեցի իմ սենյակը։ Գալֆայանը — այսպես էր նրա ազգանունը — վաղուց ծանոթ էր խելագարի ընտանիքի հետ։ Նա Մարթային տեսել էր առողջ ժամանակը։

— Ուրեմն, քանի՞ տարի է նրա դժբախտանալը — հարցրի ես։

— Չորս տարի կլինի,— պատասխանեց Գալֆայանը,— եթե տեսած լինեիք ինչ գեղեցիկ, ինչ կրակոտ օրիորդ էր, ավելի կխղճայիք նրան։