Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/287

Այս էջը հաստատված է

— Բայց գիտե՞ք, արդյոք, ինչիցն է պատահել նրա խելագարությունը։

— Այն ժամանակ ես Ռուսաստանումն էի. ասում են սկիզբը սիրահարվելուց է։ Այո՛, Մարթան մեկին սիրում էր։

Հարցն ավելի հետաքրքրելի էր դառնում։ Գալֆայանը շարունակեց.

— Ես այդ տղային ճանաչում էի, սպասեցեք, նրա անո՞ւնը․․․

— Ալբերտ է՞ր,— ընդհատեցի ես։

— Ո՛չ, Ալբերտ անունը խելագարի խանգարված մտքի պտուղն է, իսկ նրա անունն Արշակ Ասպետյան էր։ Նա ուսանող էր, մի շատ գեղեցիկ ու առողջ տղա։ Մարթան ծանոթանում է նրա հետ և շուտով հափշտակվում։ Երիտասարդը ցույց է տալիս փոխադարձ սեր, խոստանում է մինչև անգամ ամուսնանալ ուսումն ավարտելուց հետո։ Բայց հենց որ ուսումն ավարտում է, մոռանում է յուր սերը, իսկ օրիորդի սերը ավելի ևս բորբոքվում է։ Այս անաջող սերն են համարում նրա խելագարության պատճառը։ Այո, բայց այդ մի թույլ հիմք է եղել և ոչ թե իսկական պատճառ։

— Ինչպե՜ս, ուրեմն, դուք չե՞ք հավատում, որ անհաջող սիրուց կարելի է խելագարվել։

Ոչ այնքան, որքան ուրիշները։ Լսեցեք, պարոն, այն օրից, երբ Մարթան իմացել է յուր սիրածի գարշելի դավաճանությունը, խոսք չկա սկսել է տրտմել։ Նո՛ւ, հառաչանք, արտասուք, ախ ու վախ, հոգեկան խռովություն, այս բոլորը հաջորդել են միմյանց։ Բայց այդ դեռ չի նշանակում խելագրվել։ Ծնողներն իմացել են իրանց աղջկա տրտմության պատճառը։ Այդ դեպքում ի՞նչ էր հարկավոր անել. պետք էր աշխատել ցրել դժբախտի թախիծը, զբաղեցնել նրա միտքը։ Բայց այսպես չի եղել։ Կոպիտ հայրն և այդ ինքնահավան Սերգոն, տգետ մայրն և ավելի տգետ ազգականները, մի խոսքով, նրա շրջապատողները սկսել են նրան հալածել հենց այն կետում, որից, եթե խելոք լինեին, պետք է խույս տային։ Երբ դժբախտը լռել է, նրանք խորհրդավոր կերպով միմյանց երեսին են նայել, երբ