Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/291

Այս էջը հաստատված է

բաժանվեցի ընտանիքից։ Այդ օրը խելագարը անդադար մտնում էր սենյակս և դուրս գալիս։

— Մարթա, մնաս բարև, ես գնում եմ,— ասացի ես։

— Գնաս բարև,— պատասխանեց նա։

Գուցե ես սխալվում էի, բայց այդ րոպեին նա ինձ շատ տխուր թվաց։ Կարծես, նրա խավար մտքի մեջ ուրախ հիշատակ էի զարթեցրել և այժմ զրկում էի նրան այս վերջին մխիթարությունից։


Անցել էր երեք տարի։ Այդ ժամանակվա ընթացքում ես ոչ մի անգամ չէի տեսել խելագարին, նրա եղբորն էլ չէի հանդիպում ոչ մի տեղ։ Արդեն մոռացել էի նրանց մասին, երբ ճակատագիրը մեզ նորից մոտեցրեց, այս անգամ բոլորովին ուրիշ հանգամանքներում։

Միևնույն քաղաքում երկար տարիներ ապրելն ինձ ձանձրացրել էր։ Ուսուցչի պաշտոնով ինձ հրավիրեցին Բաքու։ Ուրախությամբ գնացի։ Արդեն մի ամիս էր այնտեղ էի։

Մի երեկո գնացի թատրոն։ Ադամյանը նոր էր եկել Բաքու և այդ երեկո պետք է դուրս գար Համլետի դերում։

Ներկայացումը դեռ չէր սկսվել։ Հանդիսականներն անց ու դարձ էին անում թատրոնի երկայն նախագավթում, որը բաղնիսի մուտքի էր նմանվում, երաժշտությունը թնդացնում էր թատրոն ասված մի քառակուսի անշուք շենք։ Ես պատի տակ կանգնած դիտում էի անծանոթ հասարակությունը։ Հանկարծ իմ աչքի առջևով անցավ մի զույգ։ Դա թուխ և խոշոր դեմքով քառասուն տարեկան տղամարդ էր, եվրոպական տարազով հագնված, մի առողջ տիկնոջ հետ։

Առաջին նվագ ես ապշեցի։ Ոչ, անկարելի բան է։ Մի՞թե դա Մարթան է, այն դժբախտ խելագարը։ Բայց նմանությունն անհերքելի էր — նույն հասակը, նույն կազմվածքը, նույն աչքերը, նույն մազերը, մի խոսքով, նույն Մարթան, միայն ավելի գիրացած։ Կարող էի չհավատալ աչքերիս, տեսածս