Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/294

Այս էջը հաստատված է

Էր։ Այսպես անցավ հինգ ամիս, և Մարթան ոչ մի անգամ չկատաղեց։ Միայն մեզ շատ զարմացնում էր նրա լռությունը։ Ամբողջ օրը նա ոչ ոքի հետ չէր խոսում և ոչ էլ ինքն իրան հետ, ինչպես լինում էր առաջ։ Մեկ էլ մի բան. տղամարդ տեսնելիս երեսը ծածկում էր ու փախչում։ Մայրս ուրախությունից չէր իմանում ինչ անի։ Նա ցանկանում էր երկար ժամանակ մնալ սրբավայրում, բայց աշունն արդեն մոտենում էր, և մենք պետք է տեղափոխվեինք։ Մենք վճռել էինք այլևս չվերադառնալ այն քաղաքը, որտեղից դուրս էինք եկել։ Եղբայրս նամակով հրավիրել էր մեզ այստեղ։ Մարթան ուրախացավ։ Նա ասում էր, թե շատ է հոգնել, ուզում է գնալ քաղաք։ Մենք եկանք այստեղ։ Մարթան համարյա առողջացել էր, բայց նրա լռությունը շարունակվում էր։ Մի շաբաթ եղբայրս ման ածեց նրան նավթային հանքերը, գործարանները և մակույկով ծովի վրա։ Նրա լեզուն սկսեց բացվել, նա հետաքրքրված հարցնում էր ամեն մի նոր տեսած բանի մասին։ Անցավ երկու տարի, և Մարթան բոլորովին առողջ էր: Մի անգամ ծովափում նրան տեսել էր մի վաճառական և հավանել: Նա ինձ հետ ծանոթացավ, եկավ մեր տուն և ինքն յուր բերանով խնդրեց մորիցս Մարթայի ձեռքը: Մենք համաձայնվեցինք, իսկ Մարթան թեև ոչինչ չասաց, բայց երևում էր, որ համաձայն էր։ Ահա՛, պարոն Սարաֆյան, այդ վաճառականն այժմ մեր փեսան է, չեք կամենալ, արդյոք, ծանոթանալ։

Հաջորդ խաղամիջոցին Սերգոն ինձ տարեց Մարթայի և նրա ամուսնու մոտ։ Մարթան նայեց ինձ և չճանաչեց։ Նա ինձ մոռացել էր, ես էլ ծանոթություն չտվեցի։

Ամբողջ երեկո իմ միտքն զբաղված էր Մարթասյով, ես անդադար նայում էի դեպի նրա օթյակը։ Հասավ այն տեսարանը, երբ Օֆելիան խելագարվում է։ Բնազդաբար աչքերս հառեցի Մարթայի վրա։ Երաժշտությունը նվագում էր տխուր մեղեդին, Օֆելիան արտասանում էր իր անկապ մոնոլոգը։ Մարթան ուշադիր լսում էր։ Տեսարանը նրան գրավել էր։ Օթյակի հետևում երևեցավ Սերգոն։ Ես նկատեցի, որ նա ուզում է քրոջ ուշքը բեմից հետ դարձնել։ Հա՞, այժմ նա խելոքացե՞լ է, գիտե՞ ինչպես վարվել քրոջ հետ։ Բայց ինչո՞ւ է այդ երեկո թատրոն բերել, չէ՞ որ Մարթայի նյարդերը դրանից