Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/296

Այս էջը հաստատված է

են վարվում նրա հետ։ Ես սկսեցի ուշ-ուշ այցելել նրանց, որովհետև նկատեցի, որ իմ ներկայությունը Մարթայի և Պետրոսի մոտ մի տեսակ դժգոհություն է պատճառում Սերգոյին և յուր մորը։

Այնինչ՝ Պետրոսն ինձ հետ սովորականից ավելի քաղաքավարի էր վարվում, բարեկամաբար հանդիմանում էր ուշ-ուշ այցելելուս համար։ Նրա հարաբերությունը միայն Մարթայի հետ էր փոխվել։ Նա երբեմն խորհրդավոր դեմքով գաղտնի նայում էր կնոջը, երբ վերջինս խոսում էր կամ մի բան անում։ Նույն տեսակ խորհրդավոր հայացքներ փոխանակում էին միմյանց հետ և՛ նրա մայրն ու քույրը։ Իսկ Մարթայի մայրը խղճալի դեմքով նայում էր նրանց և գաղտնի հառաչում։

Երկու ընտանիքներին սկսել էր բաժանել մի սև գիծ։ Նրանք խորթ աչքով էին նայում միմյանց վրա։

Օրը կիրակի էր։ Ես միայնակ զբոսնում էի քաղաքային այգում։ Հեռվից տեսնելով ինձ, մոտեցավ ու բարևեց Մարթայի ամուսինը և սկսեց հետս ման գալ։ Նկատելի էր, որ նա մտքում մի բան ունի, ուզում է խոսել, բայց չի վստահանում։ Վերջապես, երբ մենք հոգնած նստեցինք մի նստարանի վրա, նա դարձավ ինձ.

— Պարոն Սարաֆյան, դուք շա՞տ ժամանակ եք ապրել… քաղաքում։

Նա հիշեց այն քաղաքի անունը, ուր ես տեսել էի խելագար Մարթային։

— Վեց տարի,— պատասխանեցի ես։

— Ուրեմն, դուք իմ կնոջ ընտանիքին պետք է այնտեղ տեսած լինիք,— ասաց նա, խեթ-խեթ նայելով երեսիս,— դուք վաղուց ծանոթ եք նրանց հետ, ես գիտեմ…

Ես չգիտեի ինչ պատասխանել։ Պետրոսը լռեց, ձեռնափայտի ծայրը ցնցողաբար խփելով գետնին։

— Պարո՛ն Սարաֆյան,— սկսեց նա նորից, միայն ոչ հանդարտ, այլ հուզված ձայնով,— դուք ազնիվ մարդ եք, ես ձեզ շատ եմ հարգում... Ես էլ պարզ մարդ եմ, սուտ ասել չեմ սիրում։ Ասացեք, իմ կնիկը աղջիկ ժամանակ հիվա՞նդ է եղել։