Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/30

Այս էջը հաստատված է

Որպեսզի իմ ղոչաղությունը ցույց տամ Մակար աղային, որն այդ ժամանակ մտիկ էր անում ապրանքներին, սկսեցի որքան կարող էի եռանդով գործել: Մինչդեռ ինձ հետ կրող մյուս տղան ամեն անգամ վերցնում էր երկու կամ երեք կտոր ապրանք ես աշխատում էի երկու անգամ նրանից ավելի բարձրացնել և երկու անգամ արագ վազել։ Ես կարծում էի, թե շուտով Մակար աղայի բերանից կլսեմ մի գովասանական խոսք իմ աշխատասիրության մասին, բայց սխալվեցի։ Մակար աղան ոչ միայն ինձ չգովեց, այլ մինչև անգամ ուշադրություն էլ չէր դարձնում ինձ վրա։ Ես, մտաբերելով մանրավաճառ Թորոսի խրատը, թե «համբերիր», չվհատվեցի և շարունակեցի ավելի ու ավելի եռանդով գործել։

Կեսօրվա ժամանակ էր։ Չնայելով, որ եղանակը գարնանային էր, շոգն ուղղակի անտանելի էր։ Քրտինքը շատ վազվզելուց, սկսեց երեսովս աղբյուրի նման թափվել։ Ձեռներս, որ մինչև այն օրը սովորած չէին երկար աշխատության, շատ ապրանք կրելուց բոլորովին թուլացան, ոտներս շատ գնալ ու գալուց հոգնեցին և ծալծլվում էին։ Բայց ես ուշադրություն չէի դարձնում և որքան կարելի էր աշխատում էի մինչև վերջը քաջությամբ կատարել ինձ հանձնված գործը: Առաջին օրն էր, հարկավոր էր աշխատասիրություն ցույց տալ։

Վերջապես, ապրանքները վերջացան։ Ես Գրիգորի պատվերով կանացի զգուշությամբ հավաքելով հակերից մնացած թոկերի կտորտանքը, փսիաթները մի կողմ դնելով և ավլելով մագազինի առաջը, ձեռներս ու երեսս լվացի ու իմ տեղը կանգնեցի:

Մագազինում գործակատարներից յուրաքանչյուրն ուներ յուր որոշ տեղը։ Գրիգորը, ինչպես ավագ գործակատար, բռնած ուներ ամենաառաջին տեղը, այն է դրամարկղի մոտ։ Նա աղա Գուլամյանցների խանութի գանձապահն էր: Նա էր ստանում փողը մուշտարիներից և նշանակում հաշվեմատյաններում, նույնպես նրա ձեռքին էր մագազինի բոլոր ծախքը։ Գրիգորից հեռու աստիճանաբար կանգնած էին մնացյալ գործակատարները թվով չորս հոգի․ մեկը ոսկեղենների մոտ, մյուսը քանի քայլ հեռու սրանից, մանուֆակտուրայի ապրանքների թանկագին կտորների մոտ, երրորդն ու չորրորդը