Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/302

Այս էջը հաստատված է

— Կարող եք իմ համեստությանը հավատալ բոլորովին,— պատասխանեցի ես,— բայց հավատացեք նույնպես, որ ձեր կինն առողջ է, կատարելապես առողջ։

— Մարմնով շատ առողջ է, բայց այս տեղը․․․

Նա ձեռը տարավ ճակատին և, կրծքից մի խոր հոգոց հանելով, գլուխը քաշ գցեց։

— Երեկ երեկոյան, մայրս եկեղեցուց գալիս, նրան «ողորմի աստված է» ասում։ Մտիկ է տալիս մորս երեսին խեթ-խեթ և պատասխանում. «դուք ինձ ուզում եք սպանել»։ Նա կարծում է, թե քույրս կամ մայրս թշնամացել են յուր հետ, ուզում են նրան անպատճառ թունավորել։ Նա չայն էլ կասկածով է խմում, կերակուրն էլ կասկածով է ուտում։

— Դուք ինքներդ եք առիթ տալիս նրան կասկածելու, դուք զուր նրան հալածում եք,— ասացի ես վրդովված։

Նա ձեռով մի շարժում արավ և հուզված հեռացավ։

Ես հետաքրքրությունս չէի կարողանում զսպել։ Մի անգամ ես գնացի Պետրոսի մոտ կեսօրից հետո։

Մարթայի հղիության վերջին ամիսն էր, օր-օրի վրա սպասում էին կնոջ կյանքի խորհրդավոր ժամերին։

Մայրը խնդրել, աղաչել էր, և նրան թույլ էին տվել այդ օրերն աղջկա մոտ լինել։

Պետրոսը յուր քրոջ և մոր հետ նստած շշնջալով խոսում էր։ Մարթան յուր մոր հետ մյուս սենյակումն էին։ Առաջին րոպե ես զղջացի այցելությանս մասին։ Բայց Պետրոսն ինձ ընդունեց գրեթե գրկաբաց, հրավիրեց յուր սենյակը։ Ես վճռել էի վերջին փորձն անել՝ նրա կասկածը փարատելու։ Խնդրեցի նրան գոնե այժմ Մարթայի հետ վարվել շատ մեղմ և զգույշ, որովհետև օրերը տագնապալի էին։

— Այժմ մենք շատ զգույշ ենք, շատ զգույշ,— պատասխանեց նա,— երեխայի պես ենք վարվում հետը։ Ինչ որ ուզում է անում ենք, ոչ մի բանում չենք հակառակում։ Բայց նա միշտ զարմացած խեթ-խեթ մտիկ է տալիս մեր երեսին և գլուխը շարժում։

Թեյի ժամանակ ամենքս միասին էինք։ Որքա՜ն փոխվել էր Մարթան վերջին ժամանակ. այո՛, ես առաջին հայացքով