— Խո՛զ, խո՛զ,— գոռում էին հայ ուսանողները, մանավանդ աղքատները,— մենք փող չունինք, մեզանից հեռու է փախչում, վախենում է պարտք խնդրենք։ Թքել ենք, թող յուր հոտած եսի մասին մտածի։
Եվ ահա այդ եսասեր, անտարբեր և ժլատ համարված երիտասարդը յուր ուսանողական կյանքի տարիների վերջին փոխվեց։ Նա այժմ ավելի խույս չի տալիս յուր ընկերներից, ընդհակառակը, ձգտում էր նրանց մոտենալ։ Սրան նրան հրավիրում էր յուր մոտ, խոսում է այն բաների մասին, որոնցով բնավ չի հետաքրքրվել, հայրենի երկիր, ժողովուրդ, երիտասարդություն — այսպիսի բառեր են լսվում նրա բերանից։ Նա հարցուփորձ է անում յուր ուսանող հայրենակիցների մասին, աշխատում է իմանալ ինչ ժողովներ են կազմում, ինչի մասին խոսում, դատում։ Առանձին փափագով ուզում է իմանալ ուսումնավարտների ձգտումները։
— Էհե՛, այդ ի՞նչ է նշանակում,— զարմացած հարցնում էին իրարուց ուսանողները։
Ամենքը զանազան ենթադրություններ էին անում. մեկն ասում էր, թե նա հասկացել է յուր սխալը, ուզում է ուղղել, մյուսը, թե ընդհանուրի ատելությունը ծանր է թվացել նրան։
— Պարոննե՛ր,— ասաց մի օր ֆիլոլոգ Գալումյանը,— այդ մարդու անկեղծությանը մի հավատաք։ Ես գիտեմ քամին ո՛ր կողմից է փչում։ Նա ուսումն ավարտած է, գիտե, որ այսուհետև իրանից ակնկալություն չունինք։ Բայց չի ուզում յուր դիպլոմի հետ ընկերների ատելությունը հայրենիք տանել։ Նա աշխատում է այժմ մի կերպ շոյել մեր սիրտը։ Հասկացա՞ք։
Ավելի ազատախոսները գոհ չմնացին այդ բացատրությունից, Բնագետ Բարգամյանը, այդ կոշտ, ինքնահավան գյուղացին, յուր նոսր միրուքի ծայրը շփելով, ասաց․
— Ես կարծում եմ, որ Պետրոս Մարդանյանը մի տգեղ նպատակ ունե: Պարոններ, հեռու պահեցեք ձեզ նրանից։
Նա բազմախորհուրդ կերպով ժպտաց, թողնելով որ յուր մտքի մյուս կեսը գուշակե ով ինչպես ուզում է։ Նա ամենից ավելի էր գրգռված Մարդանյանի դեմ։ Բանն այն է, որ նա հայ ուսանողների շրջանում մի առանձին հեղինակություն էր