վայելում։ Մարդանյանն էր միայն, որ չէր ընդունում նրա հեղինակությունը։
Այնուհետև այչևս ոչ ոք չէր մոտենում Մարդանյանին, Մարդանյանը շահասեր է, Մարդանյանը խոզ է, անպիտան է, նրա նոր-նոր ցույց տված բարեկամությունը տգեղ նպատակ ունի — ահա այն սովորական դարձվածները, որ պտտում էին ուսանողության շրջանում։ Հիշում էին անցած-գնացած անախորժ դեպքերն և աշխատում բոլորի պատճառը Մարդանյանին վերագրել։ Այո՛, նան թեև հեռու է եղել ուսանողական շրջաններից, բայց գաղտնի շատ վատություններ է արել։
— Այս բոլորը դեռ ոչինչ,— ավելացնում էր ազնիվ համարված Բարգամյանը,— ես ավելի վատ բաներ գիտեմ, օօ՜օ, դուք նրան դեռ լավ չեք ճանաչում։
Իսկ թե ինչ ավելի վատ բաներ գիտեր — նա երբեք ոչ ոքի չէր ասում, միայն խորհրդավոր ժպտում էր։
— Այո՛, այո՛, շատ գարշելին է,— աղաղակում էին միաբերան սարսափելի քննադատները։
Եվ այսպես քանի գնում, այնքան բարդվում էին մեղադրանքները։ Չկար մի ընկեր, որ մեղադրվողին պաշտպաներ։ Իսկ եթե մեկը հանդգներ պաշտպանել, իսկույն պիտի ընդհանուրի հարձակմանը ենթարկվեր և զուցե զրկվեր ընկերների համակրությունից։
Սակայն բոլոր գոռող-գոչողներն զգում էին իրանց սրտում, որ եթե մեկը փաստեր պահանջի խստությամբ այդ մեղադրանքների համար, դժվար է, մինչև անգամ անկարելի, ապացուցանել։
Այլևս հնար չկար, Մարդանյանը թողեց յուր հայրենակիցներին մոտենալու առաջին փորձը և դարձյալ մնաց միայնակ, այս անգամ ակամա։ Մի քանի օր նրան տիրեց մի տեսակ թախծություն։ Զգում էր, որ շատ ծանր է ընկերների հավատարմությունից զուրկ լինելը։ Ինչո՞ւ համար նա մինչև այդ ժամանակ առանձնացած պահեց իրան։ Ո՛վ է մեղավոր այժմ․ որ ոչ ոք չի հավատում նրա անկեղծությանը։
«Ես, և՛ միմիայն ես»։
Բայց ինչո՞վ է մեղավոր, քանի որ բնությունից այդպես է ստեղծված — անբարեհամբույր, անհաղորդակից, քանի որ