այդ ի՞նչ երեխայություն եմ անում։ Մի՞թե այսքան տկար եմ։ Մի՞թե ես մոռացա պարտքս միայն նրա համար, որ ինձ վրա հաչում են։ Ոչ, բավական է...
Նա միանգամայն սթափվեց անընդհատ թմրությունից։ Ծանր, մահացուցիչ վհատությունն անցավ։ Նա զվարթացավ, ջնջվեց նրա դեմքից տխրության դրոշմը, չքացավ նրա աչքերի թախծալի փայլը։ Երգելով, շվացնելով, նա հանեց անկողնակալի տակից յուր ճանապարհային արկղն և սկսեց հագուստը կապկպել։
Հետևյալ առավոտ կանուխ հայրը մտավ Պետրոսի սենյակը մի կարևոր բանի մասին խոսելու։ Նա այնտեղ չէր։ Հայրն ապշած նայեց յուր չորս կողմը և տեսավ սենյակն անկարգ դրության մեջ։ Պետրոսի շորերը չկային։ Սեղանի վրա դրած էր մի քառածալ թուղթ։ Նա վերցրեց այդ թուղթն և կարդաց հետևյալ տողերը.
«Ներիր, հայր, որ առանց ձեզ մնաք բարև ասելու գնացի։ Մի անհետաձգելի գործ ինձ ստիպեց իսկույն բաժանվել ձեզանից։ Չգիտեմ, որքան կտևի իմ բացակայությունը։ Նամակով կհայտնեմ»։
III
Մի քանի օրում Մարդանյանի անհայտանալու լուրը տարածվեց նրա ծանոթների շրջանում։
Սկսեցին ամեն տեսակ բացատրություն տալ այդ անսպասելի դեպքին։ Ոմանք ասում էին, թե ընդհանուրի հալածանքը ստիպեց նրան, վերջապես, փախչել։ Իսկ ոմանք կարծեցին, թե նա մի տեղ պաշտոն է ստացել ու գնացել։
Վերջին ենթադրությունը շուտով հերքվեց, որովհետև Մարդանյանի ծնողները սաստիկ անհանգիստ էին։ Ծերունի հայրը բռնում էր փողոցում այս ու այն երիտասարդին, հարցուփորձ էր անում և ոչ ոքից մխիթարական խոսք չէր լսում։
— Ո՞րտեղ կորավ,— գոչում էր խեղճ մարդը վշտացած։
— Որտեղ էլ որ գնացած լինի, կարծեմ, հետ չի գալ,— ասում էր նրա մեծ որդին։