Եվ ծնողները ողբում էին իրանց որդու կորուստը։ Ողբում էինք, որովհետև արդեն երկու ամիս էր անցել և Պետրոսիչը սպասված նամակը դեռ չէր ստացվել։
Իսկ խստասիրտ հալածիչների լեզուները դարձյալ հանգիստ չէին մնում։
— Գիտե՛ք, պարոններ,— ասում էր ֆիլոլոգ Գալումյանը,— եթե ես նրա տեղը լինեի, վաղուց կամ խեղդվել էի կամ ատրճանակը կրծքիս արձակել։
— Շատ կարելի է հենց այդպես էլ է արել, միայն հայտնի չէ որտեղ,— նկատեցին ավելի ներողամիտները։
Բնագետ Բարգամյանը դարձյալ խորհրդավոր կերպով ժպտաց և, քմծիծաղ տալով, ասաց.
— Պարոններ, երեխա մի՛ լինիք։ Պետրոս Մարդանյանը ոչ խեղդվող պտուղ է, ոչ էլ կախվող։ Ինքնասպանության համար կամ պետք է լինել հիմար, կամ աներկյուղ։ Նա ոչ այս է, ոչ այն։
Անցավ մի ամբողջ տարի։ Մարդանյանը չէր երևում։ Նրա անունը հետզհետե սկսեց մոռացվել հալածիչների շրջանում։ Անցավ երկրորդ տարին, և այլևս ոչ ոք չէր հիշում այդ անունը և եթե հիշում էին — առանց նախկին վրդովմունքի։
Արդեն Մարդանյանի բոլոր ընկերները կյանքի մեջ հարթել էին իրանց ճանապարհն և ապրում էին խաղաղ և անխռով։ Երբեմն նրանք հավաքվում էին մի տեղ ժամանակ անցկացնելու համար։ Խոսակցության առարկան պատահում էր, որ ուսանողական կյանքն էր լինում։
Մերթ ընդ մերթ լսվում էր Մարդանյանի անունը, բայց շատ աննկատելի կերպով։
— Գնաց ու անհայտացավ մարդը,— ասում էր մեկը,— մոտ երեք տարի է անցել և ոչ մի լուր չկա նրա մասին։
— Է՜հ, պարոններ, այսօր քեֆ պետք է անենք — թե՞ չէ: Հյուրասիրության հերթը Բարգամյանինն է, չէ՞ որ նա տեսչի պաշտոն է ստացել։
Այդ համարյա վերջին անգամն էր, երբ հիշվեց Մարդանանի անունը, այնուհետև չարաբախտ մարդու անունը ջնջվեց բոլորի հիշողությունից։
Գարնան վերջն էր։ Մի կիրակի օր, առավոտյան տասը