Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/316

Այս էջը հաստատված է

ժամին Մուշտայիդի այգու ճեմելիքներից մեկում նստած էին մի խումբ երիտասարդներ։ Նրանք տաք֊տաք վիճաբանում էին օրվա մի շատ նշանավոր խնդրի մասին։ Առարկան այնպես էր, որ շատ հաճախ լսվում էին «վսեմ գաղափարներ», «մարդասիրություն», «զգայուն սիրտ», «անձնազոհություն» և այլ մի շարք այսպիսի բառեր։

Ամենքը հուզված էին, մանավանդ ֆիլոլոգ Գալումյանը, որ շուտով մի հարուստ մարդու հաշվով պիտի ուղևորվեր Եվրոպա։

Ճեմելիքի ծայրում երևաց Բարգամյանը։ Վերջին ժամանակ այդ երիտասարդն այնքան փոխվել էր, որ դժվար էր ճանաչվում։ Նա ավելի առողջացել էր, կարմրել ու բավականին աչքի ընկնող փոր գցել։ Նա ամբողջ օրը զբաղված էր թե՛ պաշտոնով և թե «հասարակական գործերով»։ Հազիվ ժամանակ էր գտնում շաբաթը մի կամ երկու անգամ ընկերների հետ տեսնվելու։

Այսօր նա Գալումյանին խոսք էր տվել հասարակական այգիներից մեկում ընկերաբար զվարճանալու։ Ոչ ոքի տակավին չէր հայտնում, բայց յուր նոր մեռած հորից նա բավականաչափ ժառանգություն էր ստացել, մտադիր էր ամուսնանալ, ուստի կամենում էր ամուրի կյանքի վերջին հաճույքները վայելել։

— Ի՜նչ եք միմյանց օձիքը պատռում,— ասաց նա, ծանր քայլերով մոտենալով խմբին։ Երևի, էլի մի որևէ թեորիա ձեզ հանգիստ չի թողնում։

Պետք է ասած, որ ընկերները Բարգամյանն վերջին ժամանակ ավելի էին հարգում և ընտրել էին նրան երկու ընկերության վարչությունների անդամ։

Մի քանիսը նույնիսկ սկսել էին արդեն շողոքորթել նրան, ակամա ենթարկվելով նրա օրից-օր աչքի ընկնող հասարակական դիրքի ազդեցությանը։

— Նստի՛ր,— ասացին մի քանիսը, քաղցր ժպտալով,— հետաքրքրական է քո կարծիքն էլ իմանալ։

— Հասկացա, դուք խոսում եք Չուխա-Գեդուկի դեպքի մասին։ Հա՛, պարոններ, դուք այստեղ վիճեցեք, իսկ այնտեղ մարդիկ այնտեղ ինչեր են անում։