— Ի՞նչ է, ի՞նչ է պատահել,— հարցրին ընկերները զարմացած։
— Ո՛չ, դուք այն ասացեք, մեր դարում կարո՞ղ են հրաշքներ տեղի ունենալ։
— Վերջապես, պե՞տք է ասես, թե՞ չէ...
— Գնանք մի տեղ նստենք, կպատմեմ։ Այդ զարմանալի է, միանգամայն զարմանալի։ Ես չեմ հավատում, չեմ ուզում հավատալ և չեմ կարող հավատալ։
«Ֆիզիոնոմիստ» բժիշկը ընկերներին հրավիրեց յուր մոտ թեյի։ ճանապարհին նրանք հանդիպեցին ուրիշ երեք ընկերների, և վեց հոգի միասին ուղևորվեցին բժշկի զարդարուն բնակարանը, որ շատ հեռու չէր։ Գալումյանը լուռ էր. պարզ էր, որ նրա ասելիքը մի շատ նշանավոր բան էր։ Նա զսպում էր իրան և այդպիսով ավելի գրգռում ընկերների հետաքրքրությունը։
Հենց որ մտան բժշկի սենյակը, լեզվագետը բարձրաձայն գոչեց.
— Պարոննե՛ր, երևակայել կարո՞ղ եք, թե ով է մեր պաշտած Խորենը։
— Ո՞վ է, ո՞վ է,— կրկնեցին ամեն կողմից։
— Ամենքից հալածված, ամենքից արհամարհված, եսամոլ, վախկոտ համարված Պետրոս Մարդանյանը։
Բժիշկը բարձրաձայն ծիծաղեց։ Բարգամյանը հեգնորեն ժպտաց, Գալումյանի ասածը մի հիմար կատակ համարելով։
Մյուսները զարմացած նայում էին այդ անհավատալի լուրը հաղորդողի երեսին։
— Այո՛, նա ինքն է, ուրիշ ոչ ոք, ահա ձեզ փաստեր։
Այս ասելով, Գալումյանը գրպանից հանեց և հանդիսավոր կերպով սեղանի վրա դրեց երկու նամակ։
Այս նամակներից մեկը ստացել է իմ համաքաղաքացի Ալթունյանը։ Հեղինակը նրա հավատարիմ ընկերներից մեկն է և նրա հետ աշակերտել է Ներսիսյան դպրոցում։ Մյուսը դրված է Պետրոսի ձեռքով յուր հարազատ եղբորը։ Այս երկրորդ նամակն էլ ստացվել է Ալթունյանի ձեռքով։ Ես խնդրեցի ու վերցրի Պետրոսի եղբորից, որ ձեզ ցույց տամ։ Ուզում եք — կարդացեք։