Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/32

Այս էջը հաստատված է

անցորդներին էժան գներով գնել թարմ մրգեղեններ:

— Եկե՛ք, ա՛յ անցնող աղաներ, էժան եմ ծախում Ախսուի թարմ սալորը, գրվանքան երկու կոպեկ, գրվանքան երկու կոպեկ,— լսվում էր մի կողմից։

— Այստեղ եկեք, ինձ մոտ վազեք, ա՛յ էժանագին ապրանք սիրող աղքատներ, հասած թութ, համեղ թութ, հինգ գրվանքան երկու կոպեկով եմ ծախում, եկեք, թառաշ արեք, այ խելք ունեցող աղքատներ,— գոռում էր մյուսը:

Թութ ծախողի գոռոցն անհետևանք չմնաց: Ես նկատեցի, որ փայտի վրա հենվելով մոտենում էր նրան մի միջահասակ մարդ, որի բոլորովին ճերմակած մազերն և դանդաղ քայլափոխությունը հաստատում էին, որ ահա այսօր-վաղը նա կմտնի գերեզման։ Ծերունու երկայն և դեպի ցած բուսած բեղերը, խառնվելով բամբակագույն միրուքի հետ, բոլորովին ծածկել էին նրա ատամնազուրկ բերանը։ Նրա դեմքը գունատ էր ինչպես անշունչ դիակի կերպարանքը, աչքերը պշկած էին և խորը փոսերի մեջ թաղված։ Ես նկատեցի այդ մարդու կերպարանքի վրա մի տեսակ մռայլ ժպիտ. մի ժպիտ, որ բադի ծերունական գառն կյանքի ծանրութենից, արտահայտում էր և մի ուրիշ անբացատրելի վիշտ։ Ես վերջերում շատ անգամ եմ առիթ ունեցել այդ տեսակ ժպիտներ նկատել միայն այն մարդկանց դեմքերի վրա, որոնք իրանց կրծքի տակ թաքցրած ունին անզոր ոխ կյանքի դեմ։ Որոնք տարիների ընթացքում տանջվում, հալվում են այդ ցավերի ճնշման ներքո, չունենալով հնար, գեթ երբեմն թեթևացնել իրանց կուրծքը , դուրս թափելով նրանց՝ լեզվի արտահայտությամբ:

Ծերունին գալիս էր մեր աջ կողմից և, որպեսզի մրգավաճառ թուրքին մոտենար, հարկադրված էր անցնել ուղիղ աղա Գուլամյանցի առջևով, որը գնում էր, ինչպես ասացի, ինձանից մի քանի քայլ առաջ: Ծերունին մոտեցավ։ Աղա Գուլամյանցը, նկատելով նրան, երեսը շուռ տվեց հակառակ կողմ և ճանապարհից քիչ շեղվեց, կարծես կամենալով, որ ծերունին իրան չնկատե։ Ես նրա դեմքի վրա, երեսը շուռ տալու Ժամանակ, նկատեցի մի անախորժ ժպիտ։ Պարզ էր, որ նա խույս էր տալիս ծերունուց, որն այդ ժամանակ մի խորը, թափանցող հայացք ձգեց նրա վրա։