Պետրոսի նամակը համառոտ էր։ Նա յուր եղբորից խնդրում էր ծնողների մասին տեղեկություն հաղորղել և վերջը մի քանի տող ավելացնում յուր մասին։ Նամակի բովանդակությունից երևում էր, որ այն առաջինը չէր, դարձյալ մի քանի նամակներ էր գրել, որոնք տեղ չէին հասել։
Մյուս նամակը շատ ընդարձակ էր և մեծ մասամբ վերաբերվում էր Խորենին։ Հեղինակը նկարագրում էր մի քանի սրտաշարժ դեպքեր, ուր Խորենը ցույց էր տվել հերոսի քաջագործություններ։
Փաստն անհերքելի էր։ Այսօրվա հերոսը մի քանի տարի առաջ յուր հայրենիքում յուր ընկերներից հալածված և արհամարհված երիտասարդն էր։
— Ի՞նչ կասեք, պարոններ, հիմա՞ էլ չեք հավատում գոչեց Գալումյանը։
Բնագետ Բարգամյանը և ֆիզիոնոմիստ բժիշկը լուռ էին։
— Զարմանելի է, շատ զարմանելի,— արտասանեցին մյուս երեք երիտասարդները։
— Իսկ դու՞ք ինչ կասեք, պարոններ,— դարձավ Գալումյանը բժշկին և Բարդամյանին։
— Չգիտեմ,— պատասխանեց բժիշկը,— ես աշխատում եմ հիշել նրա դեմքը։
— Ես հրաշքներին հավատալու ընդունակություն չունիմ,— ավելացրեց Բարգամյանը,— այստեղ մի թյուրիմացություն կա։
Հազիվ նա արտասանել էր այդ խոսքը, երբ ներս մտավ մի ուրիշ երիտասարդ:
— Աա՜, պարոններ,— գոչեց նորեկը,— այդ շատ լավ է, որ բոլորդ այստեղ եք։ Նորություն։ Ձեզ հայտնի է, թե ինչպես հարգում եմ ես Խորենին։ Վաղուց ցանկանում էի նրա լուսանկարը ունենալ։ Այժմ փափագս կատարվեց։ Այն կողմերից եկել է մի թափառական տաճկահայ լուսանկարիչ և հետը բերել է բոլոր գործիչերի լուսանկարները։ Պատահաբար ես նրա մոտ նայում էի լուսանկարներ և ահա թե ինչ ընկավ ձեռս։ Լուսանկարիչը պատմում է, որ նա հազիվհազ կարողացել է համոզել «Խորեն վարժապետին», որ թողնի յուր լուսանկարը հանելու։ Ճանաչո՞ւմ եք։