Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/325

Այս էջը հաստատված է

մեջ, բարեհաճեցեք լսել նրա մասին մի քանի խոսք։ Դա այն մարդկանցից էր, որոնց մասին, հենց առաջին անգամ նայելիս, կարելի է ասել՝ թե կյանքը երբեք նրանց համար տանջանքների բով չի դառնալ։ Նրա կարմիր երեսը, կարմիր ականջները, տափակ ճակատը, բաց-կինամոնագույն քծնող աչքերը արտահայտում էին խաբուսիկ համեստության և ամբարտավանության մի անորոշ խառնուրդ։ Նրա քայլվածքը դանդաղ էր, ձևերը մեղմ, խոսակցության եղանակը մի քիչ արհամարհական, մի քիչ ծանրաբարո։ Դա նրա բնական հատկությունները չէին, այլ արվեստական, շինծու։ Նա աշխատում էր երևալ ավելի խոհեմ և հասուն, քան կարող էր լինել քսանուչորս տարեկան մի երիտասարդ, որ շուտով պիտի ավարտեր ուսումը։

Ես զգում էի դեպի թարիֆյանը ինչ-որ խուլ հակակրանք, թեև նա ինձ ոչ մի անախորժություն չէր պատճառել, նա ինձ հետ վարվում էր շատ քաղաքավարի, նույնիսկ աշխատում էր հաճոյանալ։ Նա աշխատասեր էր, հաշվագետ, խորամանկ և գիտեր գրավել պրոֆեսորների ուշադրությունը։ Նրա աչքերի արտահայտությունը պարունակում էր ինչ-որ վատ բան, հոգու մի եսական և անհաճո ձգտում, բայց միայն այն ժամանակ, երբ լուռ էր։ Դժբախտաբար կյանքում առհասարակ դիտող մարդիկ շատ քիչ են պատահում, ուստի Զարիֆյանը ընկերների շրջանում համարվում էր բարեսիրտ, համեստ, ի՜նչ եմ ասում, նույնիսկ յուր ազնվությամբ օրինակելի։ Այնինչ, ես ոչ ոքից չէի լսում, թե երբևէ նրա կողմից իրականորեն արտահայտվել են այդ սիրուն հատկությունները։

Ահա այդ երիտասարդը մի օր հետը բերեց բնագիտական ֆակուլտետի մի ուսանող, որը նույնպես հայ էր և կովկասցի։ Առանց երկար խոսելու, նա վարձեց սենյակը ճաշով և նույն օրն ևեթ տեղափոխվեց։ Երրորդ օրից սկսած նա արդեն ճաշում էր մեզ հետ միասին։ Ես նստած էի նրա դեմուդեմ և կամա-ակամա դիտում էի նրան։ Նրա թուխ-թուխ դեմքը գունատ էր, աչքերը խոշոր, սևաթույր, ճակատը լայն և պայծառ։ Նրա ուղղաձիգ քիթը, նուրբ և մի փոքր կանացի շրթունքները, որ նոր-նոր ծածկվել էին կակուղ մազերով, նրա ամբողջ կերպարանքը արտահայտում էին հոգու անխառն մաքրություն։