Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/327

Այս էջը հաստատված է

դաշնակում էր նրա պատանեկական հասակին, որքան ծիծեռնակի երգը՝ գարնան առավոտին: Մենք բոլորս սիրում էինք նրան ինչպես եղբայր, կատակներ էինք անում, բարկացնում, և նրա առողջ քրքիջների շնորհիվ մեր ճաշն անցնում էր զվարճալի:

Բայց այն օրից, երբ նոր դրկիցը դարձավ մեր ճաշընկերը, մեր խմբի միջազգային բնավորությունն սկսեց քիչ-քիչ փոխվել. նա չէր մասնակցում մեր կատակներին և զվարճախոսություններին, չէր ծիծաղում և ոչ օրիորդներով զբաղվում։ Կարելի էր կարծել, որ մի ծանր, անխուսափելի միտք անընդհատ տանջում էր նրան: Իսկ իմ հետաքրքրությունը օրեցօր ավելանում էր։ Փափագում էի, որքան կարելի է, շուտ և մոտիկ ծանոթանալ այդ մարդուն։ «է՛հ, մտածում էի, գուցե մի վիշտ ունի, գուցե կարոտ է ընկերական սփոփանքների, և ես կարող եմ оգտակար լինել»։ Ես նրան առաջ էլ տեսել էի մի քանի անգամ, բայց ծանոթ չէի: Նա սկզբում եղել էր Պետերբուրգի համալսարանում և հենց այն տարին էր տեղափոխվել Մոսկվա։

II

Մի անգամ մենք արդեն ճաշի էինք նստել գերմանական ճշտությամբ ուղիղ որոշյալ ժամին, իսկ մեր նոր սեղանակիցը դեռ չկար։ Դրա համար մենք առաջվա պես ուրախ էինք, մանավանդ օրիորդները։ Կար մի բարոյական զորություն այդ երիտասարդի մեջ, որ անբռնաբարելի կերպով ազդում էր մեզ վրա: Նայելով նրա մշտապես գունատ ու մելամաղձոտ դեմքին, մենք կամա-ակամա զսպում էինք մեր ծիծաղը և նայում միմյանց երեսին։

Արդեն ճաշը ավարտվելու վրա էր, երբ հանկարծ ներս մտավ և առանց սովորական բարևն ասելու, նստեց տեղը։ Այս անգամ նրա դեմքն ավելի էր գունատ, աչքերն այրվում էին՝ մռայլված և կնճռված ճակատի տակից կայծեր արձակելով։ Այդ միջոցին ռուս ուսանողը լեհացու հետ վիճաբանում էր մարդասիրական և բարեգործական գաղափարների մասին։