Մենք մի քանի վայրկյանում առաջ անցանք, իսկ ծերունին հետ մնալով շարունակում էր մրգավաճառի առջև կանգնած նայել մեր հետևից, երբեմն շարժելով յուր դողդոջուն գլուխն անբավական ձևով։ Մենք հեռացանք. ծերունին յուր հնամաշ արխալուղի գրպանից հանեց մի մեծ թաշկինակ և սփռեց գետնի վրա։ Մրգավաճառը, կշռի թևը լցնելով թութով, կշռեց և շուռ տվեց թաշկինակի մեջ։
Ինձ սկսեց ակամա հետաքրքրել ծերունու աղա Գուլամյանցի վրա ձգած խորհրդավոր հայացքը։ Ես մտածեցի, որ նրանց մեջ անշուշտ մի որևիցե գաղտնիք կա։
Փողոցի ծայրում գտնվում էր հայոց եկեղեցին։ Ես առաջուց գիտեի, որ աղա Գուլամյանցը խիստ աստվածապաշտ և եկեղեցասեր քրիստոնյա է համարվում մեր քաղաքում և, լսելով զանգահարության ձայնը, գիտեի, որ անշուշտ կմտնի եկեղեցի։
Եկեղեցու դռանը մենք հանդիպեցինք տեր-Վահակին, որը շրջապատված մի քանի տիրացուներով ու բարեպաշտ ծերունիներով, ինչ-որ բանի մասին տաքացած խոսում էր։
— Օրհնյա տեր,— ասաց Գուլամյանցը, ձեռները պարսկական ձևով դնելով կրծքին։
— Աստված օրհնի, աղա Մակար,— պատասխանեց քահանան, խաղացնելով յուր դեմքի վրա մի կեղծ ժպիտ և մոտենալով մեզ։
— Հըմ, շո՞ւտ կօրհնես ժամը, թե՞ չէ։
— Հենց ձեր հրամանոցն էի սպասում, աղա Մակար, այս րոպեիս կսկսեմ։ Ա՛յ տղա, Խաչի, այդ ի՞նչ է, չլինի թե Մակար աղայի մոտ ես մտել ծառայելու,— հարցրեց ինձ տեր-Վահակը։
— Այո՛,— պատասխանեցի ես։
— Շատ լավ ես արել, խոնարհ և հնազանդ եղիր, լավ ծառայիր, Մակար աղան շատ ազնիվ աղա է, նա կարող է քեզ ժամանակով մարդ դարձնել։ Վատ տղա չէ Խաչին,— դարձավ տերտերը Մակար աղային,— ղոչաղ ու խելոք է, միայն՝ երբեմն ականջները հարկավոր է քաշել, որ մեծերի խրատը չմոռանա։
— Այդ թողնենք, տեր-հայր, ես քեզ հետ հարկավոր գործ
Ալ. Շիրվանզադե. Երկերի ժողովածու, հ․ IV — 3