Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/330

Այս էջը հաստատված է

անօգնական պառկած է։ Ոչ բժիշկ է գալիս, ոչ դեղերի փող ունի, նույնիսկ թեյ-շաքարն էլ վերջացել է։ Դա մի խեղճ մալարոս էր, ամենից ատված, արհամարհված։ Արհամարհված այն պատճառով, որ նրա մայրը վատ ճանապարհի էր եղել և հենց այն ժամանակ էլ էր։ Նա մի անհայտ դժբախտ զավակ էր, որ կրում էր անառակ մոր հանցանքի պատիժը։

— Երևի, Ժառանգականության օրենքների հիման վրա,— գոչեց Սանթուրյանը, հետզհետե նորից հուզվելով,— չէ՞ որ մենք այժմ անգիր ենք անում Դարվինի թեորիան։ Երևակայեցեք, նա ամաչում է անգամ ընկերների օգնությանը դիմելու այդ նեղ վիճակում։ Դժբախտաբար ես գրպանումս միայն հիսուն կոպեկ ունեի։ Ի՞նչ կարելի էր անել։ Վազեցի մեկի, մյուսի, երրորդի մոտ․ բոլորը մերժեցին ինձ հինգ ռուբլի տալու։ Վերջապես, դիմում եմ չորրորդին։ «Փող չունիմ» ասում է։ Է՛հ, ի՞նչ արած, ստիպված դուրս եմ գալիս ձեռնունայն։ Սանդուղքի վրա հանդիպում եմ նրա աղախնին։ Կինը, մի ձեռին բռնած մի շիշ թանկագին խմիչք, մյուս ձեռի ափում սեղմած մի բուռն թղթադրամ, դիմում է նրա սենյակը։ Մի չար միտք ինձ թելադրում է, որ մեր փող չունեցող պարոնը յուր ընկերներին այս երեկո շաքարօղիով հյուրասիրելու համար քսասհինգանոց է ուղարկել խմիչքների խանութը... Ահա ինչեր են պատահում։ Իսկ այդ ուսանողը միշտ բարձր բաների մաս՛ին է խոսում... Օօ՜, զզվում եմ միանգամայն այդ խոսքերից․ ահա ինչու այսօր այնքան կոպիտ պատասխանեցի մեր սեղանակցին. ..

Նրա խոսքերի մեջ զգացվում էր մի անկեղծ հոգու բնական վրդովմունք։

— Ինչո՞ւ ինձ չդիմեցիք, ես փող ունեի,— ասացի ես։

— Առայժմ կարիք չկա. ես նրա համար փող գտա...

Հարկավոր չէր հարցնել իմանալու համար, թե Սանթուրյանը որտեղից է փող ճարել։ Նա անշուշտ գրավ էր դրել իր ամառային վերարկուն։

Այդ երեկո երկար ժամանակ մնացի նրա մոտ և բավական ծանոթացա նրա հայացքներին։ Չնայելով տարիքին, նա անհամեմատ ավելի զարգացած էր, ավելի շատ կարդացած և կարդացածը լավ ըմբռնած, քան բոլոր իմ ծանոթ ուսանողները։