Սանթուրյանը բանվորներին ձեռով նշան տվեց սպասել։
Նա կանգնած էր գերեզմանից հանած թարմ հողի բարձրության վրա, դագաղի ոտքի կողմը։ Նրա այտերը և ականջները ցրտից կապտել էին, շրթունքները դողում էին, ատամները զարկվում էին միմյանց, իսկ աչքերը դարձյալ կրակ էին արձակում։
Ձեռի մի ջղային շարժումով նա հետ ձգեց լայն ճակատի վրա սփռված գանգուր մազերը։ Նա սկսեց խոսել։ Սկզբում նրա ձայնը երերվում էր, շրթունքները ցրտից անզոր էին արտահայտել խոսքերը։ Բայց այս տևեց միայն մի քանի վայրկյան։ Նա հաղթեց ցրտին, զսպեց ներքին հուզմունքը, ձայնը բարձրացրեց։
Երբեք ես չէի լսել մարդկային խոսքը՝ բխած սրտի այդքան անհուն խորությունից։ Դա դամբանական չէր, այլ մի ամբողջ ողբերգություն։ Նա մռայլ գույներով նկարագրում էր հանգուցյալի բարոյական վիճակը, պատկերացնում էր նրա դիրքը ընկերների շրջանում։ Ամբողջ ժամանակը խեղճը ենթարկված է եղել մի խուլ և անլուր արհամարհանքի։ Իբրև զգայուն և հիվանդ մարդ, նա չի կարողացել սառնարյուն տանել այդ արհամարհանքը և օր-օրի վրա ընկճվել է նրա ծանրության ներքո։ Եվ ի՞նչ է եղել նրա հանցանքը։ Միայն յուր մոր մոլորությունը, որ բերանից-բերան պատմվելով, հայտնի է եղել ամբողջ համալսարանին։
Դա էր Սանթուրյանի դամբանական միտքը։ Եվ նա, այդ կենդանի փաստը հիմք վերցրած, արծարծում էր մի ամբողջ գաղափար անհատի և շրջանի մասին։ Նա մի բարբարոսական զոհ էր համարում հանգուցյալին, զոհ մարդկային եսամոլության, գոռոզության, կեղծ պատվասիրության։
Նրա ձայնը ցրտից թանձրացած օդի մեջ այժմ արձակում էր երկաթի սուր հնչյուններ, այլևս չէր դողդողում, չէր խեղդվում կոկորդումը։ Նա թվում էր ամբողջովին մի կենդանի և սոսկալի բողոք ընկերների անիրավության դեմ։ Ա՜խ, որքան ցավում եմ, որ նկարիչ չեմ։ Այդ պահին նա այնքան գեղեցիկ էր, գրավիչ և ազդու յուր կերպարանքով, որ կարող էր ոգևորություն ներշնչել մի հանճարեղ վրձինի։