են, անսխալ, և երբեք անարդար վճիռներ չե՞ն թաքչում նրանց արդարամիտ հայացքից․․․Ես ճանաչում էի իմ հոր սիրտը․․․
Նա ինձ սիրում էր․․․ Նա պաշտում էր յուր ընտանիքը։ Եթե մի մեղք գործել է, գիտեմ, միայն և միայն յուր ընտանիքի բարօրության համար է գործել։ Բայց ո՛չ, նա մեղավոր չէ, հավատացեք։ Իմ սիրտը երբեք չի կարող հաշտվել այդ մտքի հետ․․․ էհ, բայց թող լիներ ամենավերջին հանցավորը, դարձյալ ես չէի կարող դուրս ձգել իմ սրտից որդիական սերը․․․ Մեղադրեցեք բնությանը, որ այս խոր, անբացատրելի զգացումը դրել է իմ սրտի մեջ։ Ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ. իմ հայրը պետք է արդար լինի, որովհետև նա միշտ ազնիվ է եղել։ Ինչո՞ւ է նա պատժվում, ինչո՞ւ են մեզ պատժում․․․ Ահա, կարդացեք, ձեզ կարելի է հավատալ․․․
Այս ասելով, նա ձգեց իմ առջև մի նամակ։ Ես կարդացի։ Նամակը գրում է Սանթուրյանի փոքր եղբայրը, որ գիմնազիստ էր: Այստեղ նկարագրված էր ընտանիքի վիճակը, հասարակության խուլ արհամարհանքը դեպի նա։ Գիմնազիստը գանգատվում էր յուր ընկերների վրա, որոնք նրան ամեն քայլափոխում հիշեցնում էին հոր դատը, սրախոսում, ծաղրում․․․ Ազգականներից շատերը երես էին դարձրել նրանցից։
Բայց կար մի հանգամանք, որ ամենից ավելի էր հուզել Սանթուրյանին։ Նրա քույրը արդեն նշանված է եղել մի երիտասարդի հետ, երբ հոր դատը բացվել է։ Փեսացուն սկզբում ուշադրություն չի դարձրել և մտադիր է եղել, դատը վերջանալուց հետո, իսկույն ամուսնանալ։ Դատը ձգձգվել է և, վերջապես, առաջին դատարանում վճռվել է տխուր։ Փեսացուն սկսել է օրից-օր հարսանիքը հետաձգեվ: Այժմ նա, յուր ազգականների դրդմամբ, բոլորովին հրաժարվում է յուր հարսնացվից։
— Գիտե՞ք այդ ինչ է նշանակում,— ասաց Սանթուրյանը— նշանակում է, որ իմ խեղճ քույրը պիտի տանջվի վշտից և ով գիտե ինչ հետևանք ունենա նրա տանջանքը։ Նա սիրում է յուր թուլամորթ փեսացվին։
Ինձ մնում էր գործ դնել իմ բոլոր պերճախոսոսթյունը նրան մխիթարելու համար։
— Գուցե դուք էլ եք ձեր սրտի խորքում ինձ մեղադրում,— շարունակեց նա, հետզհետե հանգստանալով,— որ