Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/343

Այս էջը հաստատված է

տալ, նա չընդունեց։ «Չի կարելի, ասաց, ձեր փողերը խառնել ուսանողական փողերի հետ»։ Տվեք իրան ձեր կողմից․ ինձանից չի վերցնիլ, բայց չասեք, թե ես եմ տվել։ Դա իմ մայրական փողերից է, հավատացե՛ք...

Եվ նա, յուր շրթունքները կրծոտելով, հազիվ կարողացավ զսպել արտասուքը։

Հիշում եմ այն օրը, երբ ուսանողները մի երեկույթով պետք է պատվեին Կովկասից եկած մի հայտնի մարդու։ Մեծամասնությունը կամեցավ զանցառության տալ Սանթուրյանին։ Ես և մի քանի ուրիշները բողոքեցինք և կարողացանք ստիպել նրանց՝ արդարացի լինել իրանց ընկերոջ վերաբերմամբ։ Ուսանողները համաձայնեցին հրավիրել Սանթուրյանին, չնայելով շատերի ընդդիմության։ Իսկապես այդ ընդդիմության պատճառը Սանթուրյանի ազգանվան արատը չէր, այլ նրա մտավոր առավելությունը, որ կարող էր նրանց նսեմացնել կովկասցի հյուրի մոտ։ Ուսանողները զգում էին Սանթուրյանի գերազանցությունը․ ահա նրանց հալածանքի գլխավոր հոգեբանական պատճառը որ ես պարզ հասկանում էի և զզում։ Զարիֆյանը, որ միշտ մի առանձին ախորժակով էր պատմում ամեն մի չար լուր շտապել էր Սանթուրյանին հաղորդել այն բոլոր վիճաբանությունները, որ տեղի էին ունեցել նրա առիթով։ Ես այդ չգիտեի, եկա նրան հրավիրելու, և ինչ դրության մեջ գտա։ Զգայուն երիտասարդը պառկած էր անկողմում՝ հագուստով։ Նրա աչքերն այրվում էին, կուրծքը ուժգին բաբախում, դժվարությամբ էր շունչ քաշում. այնքան ազդել էր այս անգամ նրա վրա ընկերների խստությունը։

— Հանգստացի՛ր, Մարգար, հանգստացի՛ր,— ասացի ես, իսկույն զգալով բանի էությունը,— հավատացի՛ր, չարժե այդքան զգայուն լինել դեպի ամեն բան։

— Դեպի ամեն բան,— գոչեց նա, գլուխը բարձրացնելով և մի կրակոտ հայացք ձգելով ինձ վրա,— դեպի մի այդպիսի ապտա՞կ։ Այո՛, չարժե, չարժե, որովհետև ես եմ մեղավորը, ես եմ առիթ տալիս ինձ հալածելու, ես, որ չեմ կարողանում հաշտվել ոչ ոքի հետ։

Եվ նա սկսեց խեղդված ձայնով հեկեկալ, գլուխը թաղելով բարձի մեջ։ Ես չէի խղճում նրան, այլ ցավակցում էի։