Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/345

Այս էջը հաստատված է

Ադելաիդան երբեք չի կարող Սանթուրյանի համար կյանքի արժանավոր ընկեր լինել: Ճշմարիտ է, նա սիրուն էր, կրթված, աշխատասեր և ինչպես գերմանուհի, գուցե կարող էր լավ տանտիկին լինել։ Բայց ինձ խորթ էր թվում նրա ծայրահեղ ուրախ բնավորությունը, որքան էլ այդ բնական լիներ նրա հասակում։ Արդեն նա չափից դուրս շատ էր ծիծաղում, թռչկոտում ու երգում։ Եվ դա մի ապագա ամուսնու համար ես թեթևամտության նշան էի համարում։ Բայց եթե ճիշտ է, որ կոնտրաստները հակում ունին դեպի միմյանց, Սանթուրյանը պետք է սիրեր Ադելաիդային, որովհետև այդ կողմից նրանք երկուսն էլ կատարյալ կոնտրաստներ էին։

Միայն մի բան ինձ չթողեց այդ օրը անկեղծ լինել։ Սանթուրյանը մտադիր էր ամուսնանալ ոչ իսկույն, այլ ուսումն ավարտելուց հետո: էհ, մտածում էի, ով գիտե, այս մի տարվա ընթացքում ինչեր կպատահեն, ինչո՞ւ այժմյանից իմ կասկածներով թունավորեմ բարեկամիս երջանկությունը։

Այժմ, ճաշի միջոցին, Սանթուրյանը Ադելաիդայի կողքին էր նստում: Լեհացին ինձ զանազան նշաններ էր անում, թե ամեն բան հասկանում է, և ներքուստ ծիծաղում էր Զարիֆյանի վրա։ Ռուս ուսանողը անտարբեր էր. նա մտքով զբաղված էր յուր սրտի ընտրածով։ Պառավ տանտիկինը, կարծես, հասկացել էր բանի էությունը և չէր երևում, որ հակառակ լինի աղջկա կամքին։ Սանթուրյանին նա հավանում էր և միշտ գովում մեր մոտ նրա լրջմտությունը։ Իսկ Զարիֆյա՞նը... Նա դեռևս զսպում էր իրան և շարունակում Սանթուրյանի հետ յուր բարեկամությունը։ Այդ մարդը ուներ կամքի ուժ։ Բայց ինձ թվում էր, որ նա այլևս չի նախանձում, ցավում է միայն յուր նվիրած թանկագին հովանոցի մասին: Դա սխալ էր, և ես հետո հասկացա, որ սխալվում եմ։

Ինչ ասել կուզի, որ այժմ Սանթուրյանը ավելի զբաղված էր յուր սիրո առարկայով, քան մի ուրիշ բանով։ Նա տանում էր օրիորդին թատրոն, նվագահանդեսներ, զբոսանքի, և ես զգում էի, որ սերը նրա ուսանողական նիհար գրպանին աժան չի նստում։ Մոտ երկու ամիս անցավ այդպես: Ձմեռը վերջանում էր, համալսարանական քննությունների ժամանակը մոտենում: Մի օր նկատեցի, որ Սանթուրյանը սեղանի մոտ