Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/348

Այս էջը հաստատված է

— Տակտով լինելուն խոսք չունիմ, բայց․․․

— Ի՞նչ բայց․․․

— Սա՛նթուրյան, մի՛ նեղանար ինձանից, եթե ասեմ՝ «հեռու կաց այդ օրիորդից էլ, այդ Զարիֆյանից էլ...»։

Ավելի ոչինչ չասացի։ Նա մի փոքր մտածեց և հետո վճռական շարժում գործեց ու շտապով դուրս եկավ իմ սենյակից՝ դժգոհ դեմքով...


Այստեղ Միրաբյանը ընդհատեց յուր պատմությունը և սկսեց կրակը վառարանի մեջ խառնել։ Ապա մեզ համար դարձյալ մի-մի բաժակ թեյ ածեց և ասաց.

— Կարծեմ, պարոննե՛ր, դուք հոգնեցիք լսելուց։ Կկամենա՞ք շարունակությունը հետաձգեմ վաղվան։

Դեռ երեկոյան ութ ժամն էր։ Մենք միաձայն խնդրեցինք նրան շարունակել և ավարտել։ Նորից մի ծխախոտ վառելով, նա այս անգամ նստեց վառարանից հեռու։

V

Հետևյալ օրը,— շարունակեց Միրաբյանը,— Զարիֆյանը նստել էր առաջվա տեղը և կատարում էր նախկին դերը, այսինքն՝ ծառայում էր օրիորդին, հաճոյախոսություններ էր անում միայն չափազանց զգույշ։ Երբեմն նա գաղտուկ մտիկ էր անում Սանթուրյանի երեսին և ուսերը վեր քաշում, կարծես, ասելով. «չեմ հասկանում, ի՞նչ է պատահել այս աղջկան»։

Մի կիրակի օր Սանթուրյանը ճաշի չեկավ։ Կասկածը տիրեց ինձ։ Այդ մարդը այնքան զգայուն էր, որ, ո՛վ գիտե, ինչ կարող էր անել րոպեի ազդեցությամբ․ ո՛չ ուրիշին, այլ ինքն իրան, որովհետև, նա ոչ ոքի թշնամի չէր կարող լինել և չէր էլ ուզում լինել, բացի ինքն իրան։ Նրա բոլոր վրդովմունքը,