Էր նա,— և ես ոչինչ վատ բան չեմ տեսնում նրա արածի մեջ։ Ես չեմ մեղադրում անգամ, որ նա իմ մասին վատ գաղափար ունի։ Սխալվում են շատ անգամ հասուն մարդիկ, իսկ նա դեռ երեխա է, մի օր խելքի կգա և կհասկանա, որ սխալված է։
VI
Մեր քննությունները վերջացան։ Ես ուղևորվեցի Կովկաս, նախապես խոսք վերցնելով Սանթուրյանից, որ ինքն էլ արձակուրդներին հեռանա Մոսկվայից։ Ես հույս ունեի, որ տեղափոխությունը կարող է թեթևացնել նրա վիշտը։ Եթե իմ ծնողներից շտապողական նամակ ստացած չլինեի, կսպասեի, նա էլ յուր քննությունները վերջացնի, որ միասին վերադառնանք հայրենիք։
Երեք շաբաթ իմ ծննդավայրում մնալուց հետո, եկա Թիֆլիս։ Առաջին իմ ցանկությունն էր տեսնվել Սանթուրյանի հետ։ Հենց իմ գալու օրը գտա նրա բնակարանը։ Նա տանն էր։ Դուրս վազելով, դիմավորեց ինձ պատշգամբի վրա։
Երբ բարեկամդ ամեն օր աչքիդ առաջ է չես նկատում նրա օր-օրի վրա արտաքուստ փոխվելը։ Բայց բավական է, որ նա հեռանա մի քանի շաբաթով և դու, նորից տեսնելով, կգտնես նրան փոխված: Հայելին շնորհակալության արժանի մի պարագա է։ Նա պահպանում է մեր իլյուզիան և աննկատելի կերպով օր-օրի վրա մեզ հաշտեցնում ծերության հետ։
Ընդամենը մի ամիս էր ես չէի տեսել Սանթուրյանին, և որքա՜ն փոփոխություն այդ կարճ միջոցում։ Նրա այտերը ներս էին ընկել, ծնոտը երկարացել էր, ճակատի ոսկորները ավելի էին ցցվել։ Քսանչորս տարեկան երիտասարդի գանգուր մազերի մեջ ես նկատեցի ճերմակներ։ Մի բան, որ արտաքինում անփոփոխ էր — դա նրա սևաթույր աչքերի կրակոտ փայլն էր։
Նա ինձ ծանոթացրեց յուր ընտանիքի հետ։ Մայրը մի նիհար կին էր, արտաքուստ նման յուր որդուն։ Քույրը, հակառակ իմ սպասածին շիկահեր էր, փոքր եղբայրը՝ նույնպես։
Նրա հոր գործը անցել էր պալատ։ Շատ էին աշխատել նրան երաշխավորությամբ հանել բանտից մինչև գործի երկրորդ