բոլորը կեղծում են։ Նայի՛ր այն պարոնին, որ այս րոպեիս գյուղացիների շահերի անունով էր խոսում։ Տես ինչպես է յուր բեղերը ծածուկ սրում և ինչպես է յուր թանկագին փողկապն ուղղում։ Նա կեղծում է։ Համոզված եղի՛ր, որ փողկապը նրա աչքում ավելի գին ունի, քան ժողովրդի շահերը։ Նայիր այն մյուսին. հայ է, ազատամիտ է համարվում, բայց տես ինչպիսի քծնող դեմքով է նայում յուր մոտ նստած իշխանավորին... Պաշտոնի է սպասում... Վաղը նա կդառնա ժողովրդի թշնամին... Նայի՛ր այն կարմիր այտերով պարոնին։ Նա էլ է գրում իմ հոր դեմ... Բայց մի անգամ նրան հարցրին մի հասարակական գումարի մասին։ Զաքարիայի պես պապանձվեց։ Սրանք են մեր երկրի աղը։ Ոչ, Միրաբյան, գլուխս պտտում է... գնանք այստեղից։
Եվ նա իմ թևից քաշելով, դուրս բերեց ինձ ժողովից։
— Իսկ իմ հայրը,— ասաց նա փողոցում,— այդ կիսակիրթ մարդը գոնե ուրիշներին ազնվության դասեր չէր տալիս։ Կարելի է ես այսքան չցավեի նրա մասին, եթե նրան դատապարտող հասարակության բարոյական հայելին մաքուր լիներ...
Եվ բոլոր նրա խոսակցությունների մեջ իբրև մի մռայլ գիծ՝ անցնում էր հոր անունը։
Երբեմն նրան տանում էի հասարակական այգիներ և այնտեղ մենք հանդիպում էինք ծանոթ ուսանողների։ Նա այժմ ինքն էր ամենից երես դարձնում։ Նա ոչ մի տեղ չէր ուզում երկար մնալ։ Միշտ հուզված, միշտ մտազբաղ, նա րոպե՛ անգամ հանգստություն չուներ ներքին կրակից։ Առաջ ես կարծում էի, որ յուր հոր դժբախտությունն է նրան այդպես դարձրել։ Բայց երբ մտերմացա նրա հետ, երբ ծանոթացա նրա անցյալին, իմացա, որ միշտ այդպես է եղել։ Նա ամեն օր հիշում էր Ադելաիդային։ Նա ցանկանում էր մոռացության տալ յուր կարճատև երջանկությունը։ Բայց իզուր։ Ես չեմ պատմիլ ձեզ նրա կրած տառապանքները։ Դա ինձ շատ հեռու կտաներ։ Կհրավիրեմ ձեզ վերադառնալ Մոսկվա, դեպի ուր ձգտում էր Սանթուրյանը։
Օգոստոսի վերջին նա Ռուսաստան ուղևորվեց, իսկ ես՝ իմ