Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/356

Այս էջը հաստատված է

Անբախտ պառավ, գոնե տեսա՞ր քո երկրորդ աղջկա բախտավորությունը, մտածում էի ես։

Հետևյալ օրը սենյակ վարձեցի մի ռուս ընտանիքի մոտ և իսկույն տեղափոխվեցի։ Համալսարանում իմ աչքերը որոնում էին՝ Սանթուրյանին, բայց անցավ մի ամբողջ շաբաթ, չէի տեսնում։ Ոչ ոք չգիտեր նրա բնակարանը։ Ասում էին, թե շատ քիչ է դասախոսություններին գալիս։ Նրա ամենախիստ դատավորներից մեկը ծաղրաբար նկատեց․

— Ժամանակ չունի. զբաղված է բուլվարում թռչուններ որսալով...

— Այդ նրա զբաղմունքը չէ,— ասացի ես զայրացած։

Դատապարտողը թարս նայեց ինձ և երեսը շուռ տվեց։ Ես զգացի, որ Սանթուրյանին պաշտպանելն այժմ աններելի է համարվում։ «Թռչունների որսը» մի նոր բամբասանք էր, որ առաջ չկար։ Մի ուրիշ անգամ նույն դատավորը հանդգնեց կոպտաբար նկատել.

— Զարմանալի չի լինիլ, եթե այժմ ձեր ոչ ոքի չհավանող, անհաշտ բարեկամը սրիկաներին թողնի և դառնա «թռչունների» հովանավոր և փաստաբան...

Ես կորցրի իմ սառնասրտությունը և ապտակեցի սանձարձակ պարոնին։ Դա առաջին և վերջին անգամն էր, որ ես ձեռք էի բարձրացնում մարդու վրա։ Մեզ իսկույն շրջապատեցին ուսանողները և բաժանեցին։ Նույն օրը սպասում էի, որ վիրավորված պարոնը ինձանից հաշիվ կպահանջե։ Իմ հույսերը չարդարացան․ նա ապտակս կուլ տվեց։

VII

Վերջապես մի օր գնացի հասցեների գրասենյակը և իմացա Սանթուրյանի հասցեն։ Նոյեմբերի սկիզբն էր։ Երկինքն ամպամած էր, երկիրը սառած, ձյուն չէր գալիս, բայց չոր և կտրող ցուրտ էր։ Կառքերի անիվները խուլ դղրդյուն էին արձակում սառած սալահատակների վրա։ Բարակ վերարկվիս մեջ փաթաթված, սարսռելով անցա Եկատերինյան բուլվարը, ծռվեցի դեպի, աջ և մտա Մալայա Բասմաննայա փողոցը․