Այնտեղ էր կենում իմ բարեկամը։ Հիշում եմ, երբ մոտեցավ երկհարկանի տան դռներին, սիրտս սկսեց բաբախել։ Սիրում էի Սանթուրյանին և հենց այդ օրը ուսանողների ժողովը արտաքո կարգի նիստում վճռել էր ինձ հանդիմանություն անել — նրա պատճառով սանձարձակ ուսանողին ապտակելու համար։ Չար կասկածները պաշարեցին ինձ. արդյոք կենդանի՞ է, առո՞ղջ է, արդյոք մի նոր դժբախտություն չի պատահել և այլն, և այլն...
Սեղմեցի էլեկտրական զանգակի կոճակը։ Դուռը բաց արավ մի պատանի աղջիկ։ Նա ինձ առաջնորդեց տան վերին հարկը։ Պատշգամբի վրա կանգնած էր մի նիհար, ոսկրոտ պառավ և կեղտոտ գոգնոցով սրբում էր յուղոտ ձեռները։ Սանթուրյանի տանտիրուհին էր։
— Տանն է,— պատասխանեց նա իմ հարցին, և տանելով ինձ մի բավական մութ նախասենյակ, ցույց տվեց իմ բարեկամի սենյակը։
Երբ առանց դռներին զարկելու, մտա սենյակ, իմ աչքերը ոչինչ չնշմարեցին։ Միա՛յն զգացի, որ երկու նիհար թևեր առան ինձ իրանց գրկի մեջ։
— Վերջապես եկա՞ր, վերջապես եկա՞ր,— կրկնում էր Սանթուրյանը, շտապով կապելով բաճկոնակի կոճակները։
Դա այն մոմենտնեիից մեկն է, որոնք ինձ վրա խոր տպավորություն են թողել և հավիտյան չպիտի ջնջվեն իմ հիշողությունից։ Կաշի և ոսկոր — ահա ինչ է մնացել այլևս իմ բարեկամից։ Նրա ճակատի կապույտ երակները ավելի որոշ էին գծավորվել, պարանոցի ոսկորները դուրս էին ընկել։ Ինձ թվաց, որ նա դժվարությամբ է շունչ քաշում, և մի չար կասկած հղացավ իմ մեջ։
— Դու հիվա:նդ ես,— գոչեցի ես ակամա։
— Է՛հ, միշտ միևնույնն եմ։ Նստի՛ր, ինչու՞ ուշացար․ եթե իմանայիր, ի՞նչ անհամբերությամբ էի քեզ սպասում։ Օ՜о, չգիտես ինչե՜ր են պատահել։ Դու մարգարե ես, դու ճանաչում ես մարդկանց...
Ես սկսեցի հարցուփորձ անել, ոչինչ որոշ պատասխան չստացա, թե ինչ է պատահել։ Պառավի մահը գիտեի։ Ադելաիդայի մասին սկսեցի հարցնել, նա ատամները կրճտելով,