Խորհրդավորության քողն ընկավ իմ աչքերից, և ես ճանաչեցի Ադելաիդային: Բայց ո՛ւր էր այն զվարթ, թռչկոտող, առողջ դեմքով, ծիծաղկոտ և մշտաշարժ օրիորդը։ Իմ դեմ կանգնած էր մի գունատ, նիհար և ամաչկոտ կին՝ գլուխը կրծքին թեքած։ Նրա սիրուն կազմվածքը այլևս չուներ յուր առաջվա գեղեցկությունը. նրա ուսերը ինձ թվացին ցած իջած, կուրծքը նիհարած։ Նրա գլխին ձգած էր մի մեծ դեղնագույն շալ: Ես նկատեցի, որ, ինձ տեսնելով, շտապեց շալով ծածկվել։
Ես ոչինչ չկարողացա խոսել, ապշած նայում էի Ադելաիդայի պարանոցին, որ գծավորվել էր կապույտ երակներով։ Ինձ թվում էր, որ այնտեղ խեղդվում է նրա հեկեկանքը, և նա հազիվ կարողանում էր իրեն զսպել։ Ես ակնարկեցի նրա մոր մահը և մի քանի մխիթարական խոսքեր ասացի։
— Այո, մեռավ, ինձ թողեց մենակ,— ասաց նա և սկսեց հեկեկալ:— Խե՜ղճ մայր, խե՜ղճ մայր,— կրկնում էր նա արտասվախառն ձայնով,— նա միայն տասներկու ժամ հիվանդ մնաց։ Առավոտը զարթնեց թե չէ ասաց գլուխս ցավում է։ Պառկեց, ուշաթափ եղավ։ Բժիշկ կանչեցինք, օգնել չկարողացավ... Ամբողջ օրը տանջվեց անխոս... միայն նայում էր երեսիս... Երեկոյան տասը ժամին հոգին ավանդեց... Օ՜օ, խեղճ մայր, բարի մայր, աշխատասեր մայր...
Բայց այլևս չէի խղճում պառավին։ Լավ էր, որ մեռավ և աղջկանը չտեսավ այդ խայտառակ դրության մեջ:
Առանց բացատրությունների, ես ամեն բան հասկացա։ Իմ առջև կանգնած էր մի քաղաքակիրթ մարդու զոհ։ Ես միայն չէի կարողանում ինքս ինձ հաշիվ տալ, թե ի՛նչպես նա գրավեց այդ աղջկան մինչև այդ աստիճան...
Դժվար էր երկար ժամանակ դիմանալ քստմնելի տեսարանին։ Իմ սիրտը մորմոքվում էր, երբ նայում էի Ադելաիդային։ Նա ամաչում էր, չէր վստահանում ուղղակի նայել իմ աչքերին։ Ամաչում էր նաև Սանթուրյանը... ուրիշի արարքից։ Բայց ո՛րպիսի գուրգուրանքով, երախտագիտությամբ և ակնածությամբ էին նայում Ադելաիդայի թախծալի աչքերը իմ բարեկամին։ Ես շտապում էի իմանալ այդ նողկալի դեպքի պատմությունը,