Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/360

Այս էջը հաստատված է

այն, ինչ որ պատահել էր ինձանից հետո։ Հարկավ, անկարելի էր այդ մասին խոսել Ադելաիդայի մոտ։ Մենք միմյանց հարցուփորձ էինք անում կողմնակի բաների մասին, մինչդեռ երեքիս էլ ճնշում էր անախորժ միտքը, երեքս էլ զգում էինք մեր դրության կեղծիքը։ Ես շտապեցի Ադելաիդային ազատել անախորժ դրությունից և հրաժեշտ տվի։ Գիտեի, որ Սանթուրյանը պիտի հետևի ինձ։

Մենք դուրս եկանք փողոց, և ես սկսեցի մի փոքր ազատ շնչել։ Իմ բարեկամը լուռ էր ամբողջ ժամանակ, մինչ անցնում էինք փողոցով։ Ես միայն լսում էի նրա կրծքում խեղդվող հառաչանքների խուլ արտահայտությունը։ Երբ հասանք նրա սենյակը, նա թուլացած, ընկճված նստեց բազկաթոռի վրա, արտասանելով.

— Դու տեսար նրան. այժմ պատրաստ եմ լսել քո հանդիմանությունը։

— Ո՞ւմ պիտի հանդիմանեմ։

— Ինձ։

— Ինչո՞ւ։

— Որ ես չլսեցի քեզ, որ չուզեցի ճանաչել այդ մարդուն, որ կուրացա և նրա բարեկամական դիմակի տակ չտեսա տգեղ կերպարանքը։ Ադելաիդա՞ն։ Նա ոչինչ մեղք չունի։ Մեղավորը ես եմ։ Ե՛ս, որ թույլ գտնվեցի, չկարողացա հաղթել իմ մեջ հիմար հպարտության զգացումը և ուժով, այո՛, նույնիսկ ուժով, մի օր մտնել Ադելաիդայի սենյակը, խնդրել, աղաչել, որ ինչ ուներ, ինքն անձամբ ասեր իմ երեսին։

Եվ նա սկսեց հետզհետե ավելի ու ավելի գրգռվել։ Նա պատմեց բոլորը, և այստեղ երևան եկավ, թե կիրքը երբեմն ի՛նչ սոսկալի միջոցների է ընդունակ դիմելու։ Զարիֆյանը յուր միջամտության ժամանակ բոլորը աղավաղել էր՝ Ադելաիդայի ասածները Սանթուրյանի և Սանթուրյանի ասածները Ադելաիդայի մոտ։

Այդ դեռ վերջերը։ Իսկ առաջ, երբ Ադելաիդան հաշտ է եղել Սանթուրյանի հետ, Զարիֆյանը ամեն կերպ աշխատել է գցել յուր հայրենակցի վարկը նրա աչքում։ Նա գործել է այնքան զգույշ, այնքան խորամանկ, որ օրիորդը ինքն էլ չի զգացել, թե ինչպես յուր սրտում հետզհետե նոր ծագած սիրույն