Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/361

Այս էջը հաստատված է

փոխարինում է ատելության զգացումը։ Նա Սանթուրյանին Ադելաիդայի մոտ ներկայացրել է մի սրիկա և ավազակ հոր զավակ, որ ամենից արհամարհված է, ամենից հալածված։ Նա օրիորդի մոտ կարդացել է յուր հայրենակցի մասին լրագրերում, նույնիսկ հայ լրագրերում տպված բոլոր հոդվածները։ Սանթուրյանը հոգեպես հիվանդ է, դժբախտ է, չի կարող սիրել, ահա ինչ է ասել Զարիֆյանը։ Եվ ասել է այն ձևով, որ օրիորդը համոզված է եղել, թե ասում է ընկերական սիրուց, բարեկամական կարեկցությունից դրդված։ Այսպիսով, նա օր-օրի վրա, կաթիլ-կաթիլ կասկածանքի թույնը թափել է Ադելաիդայի փափուկ սրտի մեջ։

— Գիտեմ,— շարունակեց Սանթուրյանը,— դու կարող ես ասել, թե ինչո՞ւ Ադելաիդան գեթ մի անգամ ինձ հետ չխոսեց այս մասին։ Բայց այդ կարելի էր պահանջել մի հասուն և փորձված կնոջից, իսկ Ադելաիդան, իբրև երեխա, ամաչել է մի ակնարկ անգամ անել ինձ...

Այնուհետև, երբ Ադելաիդան սկսել է երես դարձնել, երբ Սանթուրյանը խնդրել է Զարիֆյանին միջնորդ լինել. «առերես» բարեկամի համար բացվել է նորանոր մեքենայությունների ասպարեզ։ Նա բոլորը կեղծել է, բոլորը աղավաղել, երկու կողմերին ևս հակառակը պատմելով։ Երբեք Ադելաիդան չի ասել թե «արհամարհում է Սանթուրյանին», երբեք չի ասել, թե «լսել անգամ չի ուզում Սանթուրյանին անձամբ բացատրություն տալու մասին», երբեք մանավանդ չի ասելլ, թե Սանթուրյանը յուր վերաբերմամբ «ստոր նպատակ է ունեցել»։ Ընդհակառակը, Զարիֆյանը ինքն է ասել օրիորդին, թե իբր «Սանթուրյանը ծաղրել է յուր մոտ Ադելաիդային․․․»։

— Եվ այս բոլոր մեքենայություններին դիմել է մեզ միմյանցից բաժանելու համար,— շարունակեց Սանթուրյանը։— Նա ինքը երդվել է Ադելաիդայի մոտ, թե սիրում է նրան, տանջվում է նրա համար։ Գիտեմ, դու կասես. «դարձյալ մեղքը քո Ադելաիդայինն է, ինչո՞ւ այդքան թույլ է գտնվել և խաբվել է այդպես շուտ ու հեշտ»։ Ճիշտ է, բնական է այդ մեղադրանքը։ Բայց, բարեկամս, մի՛ մոռանալ մի բան. Ադելաիդայի սերը դեպի ինձ այնքան ամուր չի եղել, որ ուժ տար նրան դիմանալու մի այդպիսի ճարպիկ մարդու խարդավանքներին։