Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/362

Այս էջը հաստատված է

Կարո՞ղ է մի նոր տնկած և հազիվհազ արմատ ձգած ծառ դիմանալ թեկուզ մի թույլ փոթորիկի...

Որքան ևս Սանթուրյանը արդարացներ Ադելաիդային, այնուամենայնիվ օրիորդը իմ աչքում գեթ մի աստիճանի մեղավոր էր յուր անբախտության համար։ Բայց այլևս ուշ էր այդ մասին վիճելը և ավելորդ։ Ես միայն հարցրի․

— Այժմ ի՞նչ ես մտադիր անել։

— Իհարկե վրեժ առնել Զարիֆյանից։

Միանգամայն համոզված էի, որ Սանթուրյանը ընդունակ է մի արատավորված օրիորդի համար ազնիվ և ասպետական վրիժառու լինել, անգամ եթե այդ օրիորդը Ադելաիդան չլիներ։ Նույնիսկ ես ինքս պատրաստ էի Ադելաիդայի պատիվը պաշտպանել, ուր մնաց նա, որ սիրում էր այդ օրիորդին։

— Բայց ի՞նչ պիտի լինի քո վրեժը,— հարցրի ես հետաքրքրված։

— Բարոյական վրեժ։

— Չեմ հասկանում։

— Շատ պարզ է, ես կամուսնանամ Ադելաիդայի հետ։ Վաղուց եմ վճռել, միայն քեզ էի սպասում։

Ես զարմացած նայեցի նրա երեսին։ Խոստովանում եմ, ամեն տեսակ վրիժառություն ինձ համար հասկանալի էր, բացի այդ մեկից․․․

— Դու զարմանո՞ւմ ես, Միրաբյան,— սկսեց բացատրել Սանթուրյանը,— բայց դա միակ վրիժառությունն է, որին պետք է դիմե ազնիվ մարդը։ Լսի՛ր, Զարիֆյանը թողել է Ադելաիդային այդ դրության մեջ և հեռացել։ Նա մտադիր չէ ամուսնանալ յուր զոհի հետ։ Դժբախտաբար, մի շարք ուսանողների շրջանում այդ տեսակ զոհեր սովորական են դարձել։ Ստիպել Զարիֆյանին, որ յուր մեղքը քավե, ամուսնանա,— անկարելի է։ Եթե նա համաձայնվի էլ, Ադելաիդան երբեք չի կամենալ։ Նա այժմ զզվանքով է հիշում Զարիֆյանին։ Այս մեկ։ Ի՞նչ պիտի անե, ուրեմն Ադելաիդան։ Մնա այդ դրության մե՞ջ։ Նա մի անպաշտպան երեխա է։ Նա շուտով կընկնի վատ ճանապարհ. աշխարհը լի է փորձություններով, կընկնի և կգլորվի անբարոյականության անդունդը։ Համաձա՞յն ես, որ նա այդպես կորչի։ Ո՛չ․ դու ազնիվ մարդ ես, չես կարող