Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/363

Այս էջը հաստատված է

համաձայնվել։ Այս երկու։ Բայց կա և երրորդ պատճառ։ Դա ամենից զորավորն է. ևս սիրում եմ Ադելաիդային, սիրում եմ այժմ էլ, այդ դրության մեջ էլ, և ավելի, քան առաջ։ Ահա այն պատճառները, որ ինձ դրդեցին իմ վճիռը կայացնել։

— Բայց քո ուսու՞ւմը, քո ծնողնե՞րը, քո՞ւյրը, եղրա՞յրը, հասարակությո՞ւնը...

— Մտածել եմ այդ մասին էլ։ Ուսումս ավարտում եմ այս տարի։ Ծնողներս և քույրերս դեմ չեն լինիլ, որովհետև ամուսնանում եմ մի խաբված, բայց բարոյական կնոջ հետ։ Գալով հասարակությանը, ո՛չ ոքի պարտավոր չեմ հաշիվ տալու, իմ քայլը միայն ինձ է վերաբերում։

Ես այլևս ոչինչ չասացի, այնքան վճռական էր նրա պատասխանը։ Հրաժեշտ տալիս, նա ինձ խնդրեց, որ լուր պատմածները առայժմ ոչ ոքի չհաղորդեմ․․․

VIII

Մի շաբաթ անցած Սանթուրյանը եկավ ինձ մոտ և խնդրեց նրա խաչեղբայրը լինել։

— Այժմ ամեն ինչ պատրաստ է։ Ադելաիդան տատանվում էր։ Նա ինձ սիրում է, բայց իմ զոհաբերությունը շատ մեծ էր համարում և չէր ուզում իմ կինը դառնալ։ Ես նրան համոզեցի. վաղն ևեթ պետք է ամուսնանամ։

— Բայց այդքան շո՞ւտ։

— Դու գիտես, որ հետաձգելը անհարմար է... Բայց ես այս անգամ չկամեցա ոչ մի կասկած թաքցնել իմ բարեկամից և բոլորը հայտնեցի։ Անշուշտ նրա վճիռը կրում էր բարձր ազնվության և վեհանձնության դրոշմ, անշուշտ նրա արածը մի հերոսական քայլ էր։ Բայց ո՞րտեղ կարող էր հասցնել նրան այդ քայլը։ Լինել ամուրի և ամուսնացած — դրանք երկու միմյանցից շատ տարբեր դրություններ են։ Այն, ինչ որ թեթև կարող է անցնել ամուրիի համար, մեծ անախորժություններ կարող է պատճառել մի ընտանիքի հորը։ Նա չի կարող դիմանալ հասարարական կարծիքի ծանրությանը։ Իսկ եթե