Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/37

Այս էջը հաստատված է

աշխարհում։ Ահա դրախտը, ուր ապրում են աղա Գուլամյանցները։ Մի տեղ խոնավ բնակարան, տկլոր ընտանիք, մերկ զավակներ, վիշտ, տանջանք, դառնություն, մի կտոր հացի համար գիշեր-ցերեկ պատերազմ հազար տեսակ խոչընդոտների հետ, քաղցածություն, սով, հիվանդություն և կեղտոտություն։ Մյուս տեղ շքեղ տներ, հարուստ այգի, կուշտ և առողջ ընտանիք, ուրախություն, հարստություն, զվարճություն, անհոգ կյանք և շռայլ ապրուստ — ահա՜ ինչ տեղ է դժոխքն ու արքայությունը։ Այս աշխարհում ով որ փող ունե, նա արքայության մեջ է, ով որ փող չունե, նա դժոխքի մեջ է: Փողը գերբնական ուժ է, նա ամեն բան տալիս է մարդուն, ուրեմն հարկավոր է ամեն կերպ աշխատել այս ուժը ձեռք բերելու համար»…

Մինչդեռ ես դարձյալ իմ պատանեկական երևակայության մեջ թաղված զվարճանում էի գրավիչ տեսարաններով, հանկարծ ականջիս հասավ աղա Գուլամյանցի հրամայողական ձայնը.

— Խաչի, բարձրացի՛ր վերև։

Ես բարձրացա վերև։ Աղա Գուլամյանցը ծառային հրամայեց ինձ թեյ խմեցնել։

Թեյ խմելուց հետո ինձ աղա Գուլամյանցը կանչեց յուր առանձնասենյակը։ ճիշտ չեմ կարողանում մտաբերել, թե ինչ էի զգում այն րոպեին, երբ աղա Գուլամյանցի առանձնասենյակը հասնելու համար անցնում էի նրա ընդարձակ և զարդարուն դահլիճով։ Բայց շատ լավ հիշում եմ, որ այդ ժամանակ նախանձը քանի գնում ավելի ու ավելի զարգանում էր իմ մեջ, ամեն մի քայլափոխում հանդիպելով այնպիսի առարկաների, որոնք վկայում էին աղա Գուլամյանցների հարստությունը և պատկերացնում ինձ նրա ապրուստի շքեղությունը։

— Խաչի՛,— դարձավ ինձ Մակար աղան, դժվարությամբ բարձրացնելով յուր ծանր ու հաստլիկ մարմինը, կարմիր մետաքսով ծածկված բազկաթոռից և սկսելով ման գալ սենյակում,— հայրդ այսօրվանից քեզ հանձնել է ինձ գործակատար։ Ես մանկությունից ճանաչելով քո հորը, չմերժեցի նրա աղաչանքը և համաձայնեցի քեզ ընդունել ինձ մոտ, չնայելով որ